Մարդու կարևորագույն հատկանիշներից մեկը` հավատն է առ Աստված. Միհրան Հարությունյան

13:00 - 12 Նոյ, 2015

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը (armnoc.am) շարունակում է հարցազրույցների շարքը` հայազգի ճանաչված և հեռանկարային մարզիկների հետ: Շարքի հերթական հարցազրույցի մասնակիցը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Բաքվի Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն է:

-Միհրան, աշխարհի առաջնությունն արդեն անցյալում է, ի՞նչ հետևություններ ես արել քեզ համար:

-Հետևությունները, որ արել եմ շատ քննադատական են: Քանի որ կան մի քանի սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ, հղկեմ: Ինձ մնում է գրեթե մեկ տարի, ավելի քիչ, որ աշխատեմ դրանց վրա և ինձ ավելի կատարելագործեմ:

-Տարվա ամենաքննարկված և քննադատված թեման Բաքվի Եվրոպական խաղեր էին, որտեղից դու վերադարձար Հայաստանի համար միակ արծաթե մեդալով: Ի՞նչ էր քեզ համար այդ մեդալը:

-Որպես մարզիկ, այն ինձ համար մեդալների քանակի ավելացում էր և հնարավորություն՝ մասնակցելու այլ մրցաշարերի: Մարզումներիս արդյունքն էր, հարազատներիս սպասելիքների արդարացումը: Իսկ որպես մարդ՝ ես հպարտ էի: Ուրախ եմ որ մեկնեցի Բաքու, ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն տրվեց և վստահվեց: Անկեղծ ասած՝ շատերը կարող են ասել, որ այնտեղ գնալը վտանգավոր քայլ էր, բայց անձամբ ինձ համար այն մարզական մեծ տոն էր: Ինձ համար հաճելի էր պայքել այնտեղ, քանի որ կրծքիս հայկական գերբն էր, իսկ թիկունքիս՝ հայկական ազգանունս: Ինձ հաջողվեց մեդալ նվաճել, ինչի մասին խոսեցին շատերը:

-Բաքվի խաղերից հետո ուշադրությունը մեծացավ քո նկատմամբ, արդյոք չե՞ս մեծամտացել:

-Այդ մասին պետք է մարդիկ ասեն:  Կարծում եմ՝ ոչ: Շրջապատողների համար ավելի ակնհայտ է:

-Ռիոյի Օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնացել: Մասնագետների կարծիքով Միհրան Հարությունյանն ունակ է ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում: Ի՞նչ է պետք քեզ՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար:

-Ձեր հավատը:

650

-Միհրան, ծանոթացար «Օլիմպավան»-ին: Ինչ տպավորություն թողեց այն քեզ վրա:

-Շատ լավն է:

-Կօգնի՞ ձեզ հետագա հաջողությունների հասնելու համար:

-Կարծում եմ այո, քանի որ ինձ համար ևս երազանք էր Հայաստանում տեսնել նմանատիպ կառույց: Մենք զգում էինք նման կառույցի կարիքը: Կարծում եմ, շատերն այստեղ կմարզվեն և հենց այս ամենից շատ բան կախված կլինի: «Օլիմպավանը» շատ կօգնի մեզ:

-Միհրան, մեկ անգամ չէ, որ ասել ես, որ քեզ համար տարբերություն չկա, թե որտեղ ես մարզվում՝ դահլիճում, փողոցում: Արդյո՞ք մարզիկի համար մեծ դեր ունի մարզասրահը:

-Մարզիչների վերաբերմունքը, մարզումների սեփական մեծ ցանկությունը և մթնոլորտը մեծ նշանակություն ունեն: Այո, դուք ճիշտ եք, միշտ էլ ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ ինձ համար նշանակություն չունի, թե որտեղ կմարզվեմ: Բայց դա չի նշանակում, որ պետք է նախապատրաստվել վատ պայմաններում: Այս պայմաններն շատ ավելի լավն են: Հոգեբանորեն մեզ համար ավելի հարմարավետ կլինի նախապատրաստվելը:

-Մինչև տարվա վերջ ի՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել:

-Դեռևս ոչ մի բան չեմ պլանավորում: Միգուցե մինչև տարվա վերջ մասնակցեմ ինչ որ մրցաշարերի: Կրկին ինձ փորձեմ և երկրպագուներին ինչ որ բան ևս նվիրեմ՝ ինչ որ տեղ նաև փորձ հավաքեմ:

-Հաջորդ մեծ մեկնարկը Եվրոպայի առաջնությո՞ւնը կլինի:

-Կարծում եմ՝ այո:

-Միհրան, մի փոքր փոխում ենք հարցերի տեսակը: Ի՞նչ է քեզ համար երջանկությունը:

-Մոնիկան  (խմբ. Միհրանի դուստրը): Երջանկության ասվածը մեծ հասկացողություն է: Այն կարող է և առողջության մեջ լինել, և ցավոք սրտի, փողի և մարդկանցում, ովքեր քեզ շրջապատում են: Երջանկությունը այն ամենում է, ինչին դու կարող ես հասնել: Հենց դա է քեզ երջանկացնում:

-Իսկ ի՞նչ է քեզ համար հաջողությունը:

-Ուժեղ լինել. դա է հաջողությունը:

- Այդ դեպքում, որո՞նք են քո ուժեղ կողմերը:  

-Նպատակասլացությունը:

-Իսկ թո՞ւյլ:

-Բարությունը:

-Ո՞րն է ամենամեծ վախդ:

-«Անվախ եմ»: Բայց վախենում եմ հարազատներիս համար: Սիրում եմ տեսնել նրանց երջանիկ: Վախենում եմ նրանց արցունքներից, տխրությունից:

-Մարդկային ո՞ր հատկանիշն ես գնահատում մարդու մեջ:

-Ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդու մեջ դա հավատն է առ Աստված: Ինձ համար դժվար է մոտ թողնել մի մարդու, ով չի հավաում Աստծուն: Թեպետ ասում եմ, որ իմ թույլ կողմերից մեկը բարությունն է, բայց ես գնահատում եմ մարդկանց մեջ այդ բարությունը: Լուսավոր գործեր են անում բարի մարդիկ:

-Ո՞ւմ ես վստահում ամենից շատ:

-Աստծուն:

-Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել ծերությունդ:

-Ես ընտանիքի մարդ եմ: Շատ եմ ուզում մեծ ընտանիք ունենալ, շատ երեխաներ,  հենց այդ ջերմությունը: Եվ լիահույս եմ, որ կկարողանամ կառուցել այն տունը, որի մասին վաղուց եմ երազում: Շատ եմ մտածում այդ ուղղությամբ: Այն պետք է  լինի անսովոր, պարզ և միևնույն ժամանակ շատ ջերմ, ոչ միայն իմ հարազատների, այլ հյուրերի համար ևս:

-Ի՞նչ հարց կցանկանային որ քեզ տային: Տուր քեզ երեք հարց և պատասխանիր դրանց:

-Դժվար է:  «Ինչի՞ մասին են մտածում լրագրողները»: Այս հարցին ես կպատասխանեի, որ նրանք մտածում են, թե ի՞նչ կերպ կարելի է հարցերի միջոցով կապ ստեղծել մարդու հետ, ով չի ցանկանում խոսել:  «Ինչի՞ մասին են մտածում կայանք»: Իմ կարծիքով՝ այս հարցի պատասխանը երբեք և ոչ մեկ չի կարող տալ: Երրորդ հարց չունեմ:

-Որտե՞ղ ես քեզ տեսնում 10 տարի անց:

-Սպորտի և մարզադպրոցի հետ կապված ինչ-որ տեղում: Կազմակերպչական ինչ-որ աշխատանքում:

-Ինչպե՞ս կցանկայիր, որ քեզ հիշեն:

-Ինչպես լավ մարդու և, իհարկե, ինչպես Օլիմպիական չեմպիոնի: Թող ինձ հիշեն որպես դիտարժան մարզիկ, քանի որ կան մարզիկներ, ովքեր աշխարհի և օլիմպիական չեմպիոններ են, բայց կենսագրությունները նայելիս, միայն նկատողություններ ես տեսնում: Ուզում եմ ամբողջ աշխարհին ցույց տալ այն, ինչը պակասում է ըմբշամարտում՝ մարզաձևի ամբողջ շքեղությունը: Փառքի ժամին, բոլորն են հիշում քո մասին, բայց դա, ցավոք սրտի, շուտ էլ մոռացվում է: Կարևոր է, որ քո մասին  որպես լավ մարդ խոսեն: Ես կնախընտրեին, որ իմ մասին խոսեն քիչ, բայց՝ լավը:

-Եթե տեսնեիր Աստծուն, ի՞նչ կասեիր:

-Շնորհակալություն կհայտնեի: Եթե հնարավոր լիներ, կդիպչեի նրան՝ ոտքին, ձեռքին: Եթե ինձ հաջողվեր տեսնել Աստծուն, դա կլիներ ամենավեհ բանը, որը ես զգացել եմ իմ կյանքում:

Բլից հարցեր

-Սիրած մարզաձևը:

-Լատինամերիկյան պարեր:

-Մարզիկը:

-Սուրեն Նալբանդյան:

-Սիրած Ֆիլմը:

-«Մայրիկ»:

-Սիրած դերասանը:

-Ռիչարդ Գիր:

-Երգիչը:

-Ուիթնի Հյուսթոն:

-Սիրած երգը:

-«Հայ աղջիկ»:

-Երաժշտական գործիք:

-Դաշնամուր:

-Ո՞ր երգն է ձեր կյանքի կարգախոսը:

-«We are the champions» (խմբ. «Queen»):

-Սիրած գիրքը:

-Աստվածաշունչը:

-Սիրած պատմական կերպարը:

-Ալեքսանդր Մակեդոնացի:

-Սիրած երկիրը:

-Ռուսաստան, Հայաստան:

-Քաղաքը:

-Մոսկվա:

-Հագուստային բրենդ:

-Սմոքինգ:

-Սիրելի ճաշատեսակը:

-Հայկական խոհանոցից:

-Ի՞նչ կենդանու ես քեզ նմանեցնում:

-Ասում են սև առյուծի եմ նման:

-Սիրած կարգախոսը:

Եկա, տեսա, հաղթեցի (Veni, Vidi, Vici):

-Թալիսմանը:

-Աստված:

-Արտահայտություն, որը հիշելիս ժպտում ես:

-Always welcome, wonderful (խնդրեմ, հրաշալի):

-Վերջին լուսանկարը որ արել եք հեռախոսով:

 

        

Հ.Գ. Միհրան Հարությունյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին` մարզիկներին մշտապես աջակցելու և «Օլիմպավան»-ը կառուցելու համար: Ինչպես նաև երախտագիտություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում և աջակցում են  իրեն: Անձնական մարզիչ Ռուբեն Թաթուլյանին, Արամ Սարգսյանին, ֆիզպատրաստության մարզիչ Ալեքսանդր Հակոբյանին և Հայաստանում իր համար պատասխանատու մարզիչ Սամվել Գևորգյանին:

Լուսանկարներն` այստեղ:

ՀԱՕԿ լրատվության բաժին:

Այլ նորություններ