Արշակ Հայրապետյան. Այս տարի երեք կարեւոր մեկնարկ ունենք

10:10 - 19 Փետ, 2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը գոհ է հանրապետության առաջնությանը մասնակցած մարզիկների քանակից (շուրջ 300 ըմբիշ), քանի որ այդպես ընտրության ավելի մեծ հնարավորություն կա: Նրա խոսքով, թեեւ տարին նոր է սկսվում, սակայն գոտեմարտերի ընդհանուր մակարդակը կարելի է բավարար համարել.

«Բոլորը չէին կարող որակյալ գոտեմարտեր անցկացնել, սակայն տասը քաշային կարգերում էլ եղան պատանիներ, որոնց հետ աշխատելու դեպքում հնարավոր է արդյունքի հասնել: Հիմա ձեւավորում ենք հավաքական թիմի ընդլայնված կազմը, որի հետ կսկսենք նախապատրաստվել տարվա գլխավոր երեք մրցումներին: Մոտ ժամանակներս Ծաղկաձորում 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք, որից հետո հիմնական թիմը Մինսկում կմասնակցի «Մեդվեժոնոկ» մրցաշարին, իսկ երկրորդ համարները կմեկնեն Իրան՝ «Իմամ քափ» մրցաշար: Ուզում ենք տեսնել, թե ապրիլի 26-ից 29-ը Կիեւում կայանալիք Եվրոպայի  եւ հուլիսին Խորվաթիայում՝ աշխարհի առաջնություններից առաջ  ով իրեն  ինչպես կդրսեւորի: Ընդ որում, Եվրոպայի առաջնությունում խաղարկվելու են Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրա համար անհրաժեշտ է քաշային կարգերում մտնել եզրափակիչ»,- ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Արշակ Հայրապետյանը:

Մարզիչը տեղեկացրեց նաեւ, որ պատանեկան օլիմպիական խաղերում պայքարն ընթանալու է հինգ քաշային կարգում, իսկ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացված լինել առավելագույնը երկու ըմբիշով:

 

Այլ նորություններ