Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ամփոփեց մրցաշրջան 2017-ը:
«Առաջընթաց կա: Պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, դեռ մի բան էլ ավելի, կատարել ենք: Մասնակցեցինք Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությանը, որտեղ մեր երկու թենիսիստները մտան 1/32 եզրափակիչ: Մեր մեծահասակները եւ պատանիները տարվա ընթացքում մրցափորձ ձեռք բերելու նպատակով մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, ինչն արդյունք տվել է: Մասնավորապես, Բաթումում՝ մեր հայրենակից, աշխարհի չեմպիոն Սարգիս Սարխոյանի մրցանակների միջազգային խաղարկությունում, որին մասնակցում էր վեց երկիր, մեծահասակների մեջ Մեսրոպ Ղուկասյանը դարձավ հաղթող, իսկ Ռուբեն Գայբակյանը դարձավ մրցանակակիր, իսկ պատանիների մրցաշարում լավագույն եռյակը կազմեցին Ավետ Վասիլյանը, Կարեն Պապյանը եւ Էդգար Ռաֆայելյանը: Ֆեդերացիան վերջին երեք տարիներին հիմնական ուշադրությունը դարձնում է պատանիների վրա, եւ մեր երեխաներն արդեն բավականին ուժեղ են: Հաջող մասնակցություններ են եղել նաեւ Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարերում: Սա, կարծում եմ, ֆեդերացիայի ճիշտ աշխատանքի արդյունքն է, որը հնարավոր է դարձել նաեւ ՀԱՕԿ-ի եւ սպորտի պետական կառույցի ուշադրության շնորհիվ», - ասաց Ֆելիքս Սարգսյանը:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ սեղանի թենիսը ակտիվացել է հանրապետությունում:
«Տարիներ շարունակ, բացի Հայաստանի կրտսեր պատանիների, պատանիների, երիտասարդների, մեծահասակների եւ թիմային առաջնություններից, կազմակերպում ենք նաեւ կյանքին հրաժեշտ տված մեր տիտղոսակիր սեղանի թենիսիստների հուշամրցաշարեր, որոնք արդեն միջազգային կարգավիճակ են ստացել: Դրանց ակտիվ մասնակցում է հատկապես հարեւան Վրաստանը, որտեղից տարեցտարի ավելի մեծ թվով թենիսիստներ են գործուղվում: Կարելի է ասել, որ ամեն ամիս միջին հաշվով երկու մրցում ենք անցկացնում: Որպես մարզաձեւի զարգացման, տարածման եւ պրոպագանդման պատասխանատուի, ինձ շատ է ոգեւորում նաեւ այն, որ ՀԱՕԿ-ն ամեն տարի ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի մրցաշար է կազմակերպում:
Բայց մտահոգող խնդիրներ էլ կան: Մարզաձեւով զբաղվողների քանակը նվազել է: Պատճառներից մեկն արդեն վարպետության որոշակի աստիճանի հասած պատանիների արտահոսքն է: Եվրոպական երկրները ձեւը գտել են: Նրանց ծնողներին լավ պայմաններով առաջարկներ են անում եւ պատրաստի ու հեռանկարային մարզիկներին տանում են : Օրինակ, մեր կադրերից Էլիզաբեթ Աբրահամյանը, որի հետ մեծ հույսեր էինք կապում, տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ եւ հիմա իր տարիքի աղջնակների մեջ աշխարհի առաջին ռակետն է:
Սեղանի թենիսը հայերի համար է, եւ համոզված եմ, որ այն հիմա էլ ապագա ունի: Դրա համար առաջին հերթին աշխարհագրությունն ու մասսայականությունն ենք փորձում ընդլայնել: Մեր մարզաձեւի ավանդական կենտրոնները եղել են Երեւանը, Գյումրին եւ Վանաձորը: Հիմա մյուս մարզերն ու քաղաքներն ենք ակտիվացնում: Նոր կենտրոններ ենք բացել Հրազդանում, Սեւանում, Վայքում, Կապանում, Աշտարակում, հաջորդը նախատեսում ենք Արմավիրում: Փորձը ցույց է տալիս, որ մենք տաղանդավոր երեխաներ շատ ունենք, որոնց համար տեղերում մարզվելու եւ իրենց տաղանդը բացահայտելու հնարավորություն պետք է ստեղծել, ինչն էլ անում ենք», -եզրափակեց Ֆելիքս Սարգսյանը: