Հոկտեմբերի 11-15-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարներ կանցկացնի Երեւանում, Գյումրիում, նաեւ Թբիլիսիում՝ Վրաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ:
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում: Այն նվիրված է հայ եւ վրացի ըմբիշների հակադոպինգային գիտելիքների ձեռքբերմանը: Սեմինարներին մասնակցելու է նաեւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) փոխտնօրեն, հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն:
Սեմինարների նպատակն է ըմբիշներին եւ մարզիչներին ծանոթացնել միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային կանոնների նոր պահանջներին, արգելված նյութերի վնասակար ազդեցությանը եւ 2018 թ. արգելված նյութերի ու մեթոդների ցուցակին.
«Ընտրել ենք ըմբշամարտը, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում մենք ունենք դոպինգ ստուգման երկու դրական արդյունք եւ երեք զգուշացում մեր ըմբիշներին: Ինչպես նաեւ, ըստ WADA-ի, 2016 թ. աշխարհում դոպինգ օգտագործած ամենաշատ մարզիկները հենց ըմբիշներն են՝ 2.7 տոկոս»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի շրջանակներում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան եւ առաջատար մարզադպրոցները կստանան UWW-ի հակադոպինգային կանոնները հայերեն թարգմանությամբ, ինչպես նաեւ արգելված նյութերի հիմնական ցուցակն ու հակադոպինգային կանոնների հնարավոր խախտումները եւ պատժամիջոցները: