Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի տոմսերն արդեն հանվել են վաճառքի Բրազիլիայի բնակչության համար: Առաջին օրը սպառվել է 240 հազար տոմս: Վաճառքի առաջին ժամվա ընթացքում երկրպագուներն առցանց գնել են 120 հազար տոմս: Հիմնականում վաճառվել են ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև աթլետիկայի, հանդբոլի, ինչպես նաև Խաղերի բացման և փակման պաշտոնական արարողության տոմսերը:
Տոմսերի վաճառքից առաջացած մեծ իրարանցման պատճառով՝ կայքի աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջացել: Գնորդները ստիպված են եղել մի քանի անգամ կատարել նույն գործարքը: Ոմանց դա հաջողվել է, ոմանց՝ ոչ: Նշված մարզաձևերի տոմսերը սպառվել են մի քանի րոպեի ընթացքում: Կազմակերպիչները չեն բացառում, որ առաջիկա շաբաթների ընթացքում տոմսերը նորից վաճառքի կհանվեն ինտերնետ տիրույթում: Ընդհանուր հաշվով, Խաղերի կազմկոմիտեն մտադիր է առցանց 2 միլիոն տոմս վաճառել:
XXXI ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2016 թվականի օգոստոսի 5-21-ը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Հարավային Ամերիկան առաջին անգամ կընդունի Օլիմպիական խաղերը: