Հայաստանում մենապայքարային մարզաձևերի զարգացման և տարածման գործում անուրանալի ծառայություն ունի երևանցի Լյովա Վարդանյանը: Նա ազատ ըմբշամարտից ԽՍՀՄ սպորտի վարպետ էր, վաստակավոր մարզիչ և աշխատող:
Լյովա Վարդանյանը գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո մարզիչ է աշխատել և նրա սաները շարունակաբար համալրել են Հայաստանի հավաքականները:
Իր գործի նվիրյալ մասնագետը հրավիրվել է հայսպորպետկոմ / ներկայիս ԿԳՄՍ / և ղեկավարել է մենապայքարային մարզաձևերի բաժինը: Նրա գործունեության տասնամյակների ընթացքում մեր մարզիկները խոսուն հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում , օլիմպիական խաղերում և միջազգային մրցաշարերում: Ավաղ, արդեն երկու տարի է, որ կյանքին հրաժեշտ է տվել շնորհալի Լյովա Վարդանյանը: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում երկրորդ անգամ կազմակերպվեց մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշների մասնակցությամբ միջազգային մրցաշար: Այն անցկացվեց Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ –ում:
Մրցագորգ ելան Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Հնդկաստանի և Բահրեյնի շուրջ 130 պատվիրակներ:
Տանտերերից մրցանակակիր դարձան ինը ըմբիշներ, որոնցից Առաքել Մովսեսյանը (57 կգ) և Էդիկ Հարությունյանը (61 կգ) դարձան հաղթողներ: Ի դեպ, Առաքելին հանձնվեց նաև Լ. Վարդանյանի անվան հատուկ մրցանակը, քանզի նույն քաշային կարգում է հանդես եկել անվանի մասնագետը:
Հուշամրցաշարը ուղղում մտցրեց ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում, որը կնախապատրաստվի մարտի 13-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: