Սեպտեմբերի 8-10-ը Երեւանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշեց, որ առաջնությանը մասնակցելու է 15 թիմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիտվայից, Լեհաստանից եւ Իսրայելից.
«Այս առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռազմիկ Հակոբյան եւ Արման Միսկարյան, Աշոտ Բալաբեկյան եւ Անդրե Սիմոնի զույգերը: Մեր տղաները 15 թիմի մեջ վարկանիշով 7-րդն են: Կարծում եմ՝ մինչեւ քառորդ եզրափակիչ կհասնենք: Բավականին ուժեղ մրցաշար է, որը 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար վարկանիշային է:
Առաջնությանը սպիտակ քարտով իրավունք ունի մասնակցելու մեկ թիմ, որն Իսրայելի հավաքականն է»,- ասաց Կարեն Ասմարյանը:
Օգոստոսին վերջին Մ 18 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը Ռուսաստանում մասնակցել էր Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։ Հայ պատանիները պարտություններ էին կրել.
«Վիճակահանությունն այնքան էլ մեր օգտին չէր: Բայց, ունեցանք բավարար միավորներ՝ հաջորդ տարի միանգամից ընդհանուր խմբում խաղալու համար»,- նշեց Կարեն Ասմարյանը: