Թբիլիսիում անցկացվեց Վրաստանի աթլետիկայի ձմեռային բաց առաջնությունը: Մասնակիցների թվում էին Հայաստանի տասը պատվիրակներ: Նրանք լավ տպավորություն թողեցին: Օրինակ, վանաձորցիներ Էլլադա Ալավերդյանը և Գոռ Հարությունյանը առաջինը ճանաչվեցին 800մ. վազքում , իսկ նրանց համաքաղաքացի Սամվել Մելքոնյանը երկրորդն էր 60մ. մրցատարածությունում:
Մեկ այլ վանաձորցի ՝ Ժորայր Սարգսյանը երրորդն էր հեռացատկում: Նշած մարզիկները պարապում են Գոռ Ներկարարյանի և Արսեն Սարգսյանի ղեկավարությամբ:
Ընդհանրապես վազքուղիներում առավել հաջող հանդես եկան Հայաստանի պատվիրակները: Երևանցի Վարդան Սմբատյանի աշակերտներից Դավիթ Սարգսյանը լավագույնն էր 400մ. վազորդների պայքարում, իսկ Իզաբելա Առաքելյանը երրորդն էր եռացատկում: Լավ է, որ նշած աթլետները մրցանակներ նվաճեցին Վրաստանի ձմեռային առաջնությունում , մանավանդ, եթե գնահատենք մեզանում առկա մարզումային սուղ պայմանները: Բայց ուրիշ է, երբ սահմանվում են հանրապետական նոր բարձրագույն նվաճումներ: Ահավասիկ, ՀՀ վաստակավոր մարզիչ, կապանցի Արսեն Պետրոսյանի սանուհին՝ Յանա Սարգսյանը: Նա առաջինն էր հեռացատկում ու, առավելևս եռացատկում, երբ 13մ. 62 սմ. արդյունքով դարձյալ ճանաչվեց լավագույնը՝ բարելավելով հանրապետական ռեկորդը: Ի դեպ, Յանան և տղամարդկանց եռացատկի առաջատար Լևոն Աղասյանը համարվում են Ստամբուլում մարտի 2 -5 –ը նշանակված Եվրոպայի ձմեռային առաջնության հավանական մասնակիցներ: Այս մասին հեռախոսազրույցում ասաց թբիլիսյան մրցաշարի ընթացքի ականատես, Կապանի համայնքապետարանի սպորտի պատասխանատու, Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արշամ Սարգսյանը: Նա նաև նշեց , որ մեր մարզիկները Վրաստանում մեկնարկի ելան այնտեղ անցկացրած ուսումնամարզական հավաքի ավարտի ընթացքում:
Կապանցիներին կազմակերպական բոլոր հարցերում աջակցել է իրենց համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: