Ծանրամարտի մեր մեդալակիր եռյակը վերադարձավ 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերից:
Թայփեյում Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը դարձան չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը, ծանր վնասվածքից հետո մասնակցելով պաշտոնական մրցման, արծաթե մեդալ նվաճեց:
«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ամփոփեց իր սաների մասնակցությունը.
«Շնորհավորում եմ բոլորիս, մեր ժողովրդին, որ նրանց զավակները դարձան Համաշխարհային ուսանողական խաղերի նման խոշոր մրցման չեմպիոններ եւ արծաթե մեդալակիր: Ես մեկնելուց առաջ ասել էի, որ դատարկաձեռն չենք վերադառնա Թայվանից: Խոստումը կատարեցինք: Ասել էի նաեւ, որ Ունիվերսիադան Անդրանիկ Կարապետյանի համար յուրատեսակ փորձամրցում է լինելու ծանր վնասվածքից հետո եւ աշխարհի առաջնությունից առաջ: Անդրանիկը, փառքով դուրս եկավ փորձությունից: Կեցցե նա: Նրա մասնակցությունից հետո ես ուրախությունից թաքուն արտասվում էի:
Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը բարձրացրին այնքան, որքան անհրաժեշտ էր հաղթելու համար: Մենք այդպես էինք պլանավորել, քանի որ առջեւում Եվրոպայի երիտասարդական եւ աշխարհի մեծահասակների առաջնություններն են: Այս ամենն, իհարկե, հնարավոր եղավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, որը ծանրամարտի բոլոր հոգսերն ամբողջովին վերցրել է իր ուսերին»: