Այսօր կայացած Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստը վարեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀԸՖ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը:
Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալական խոսքեր հղեց ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարարապետյանին, որն այս տարիներին ֆեդերացիայի բնականոն աշխատանքն ապահովել է բարձր մակարդակով, առաջին փոխնախագահ Հովհաննես Սոֆոյանին, փոխնախագահներ Հրանտ Ենոքյանին, Սամվել Գեւորգյանին եւ գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանին:
«Այսօր նոր մարտահրավեր, նոր իրավիճակ է ստեղծվել, եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ըմբշամարտն անօգնական վիճակում չի թողնում:
ՀԱՕԿ-ն իր որոշումներում միշտ արդար է եղել եւ այսօր էլ ուզում է, որպեսզի դուք ավելի միահամուռ, միասնական ու նպատակասլաց լինեք: ՀԱՕԿ-ը ցանկանում է, որպեսզի ըմբշամարտը ղեկավարեք դուք՝ մասնագետներդ: Մենք կլինենք միայն կազմակերպչի եւ ֆինանսական մասն ապահովողի դերում: Պարզ ասում եմ. թե´ օլիմպիական կոմիտեն, թե´ նախարարությունը չեն միջամտելու ձեր նեղ մասնագիտական որոշումներին: Հայտարարում եմ, որ այսօրվանից սկսած, մասնագիտական հարցերով որեւէ մեկը չմոտենա ո´չ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ո´չ` ինձ: Մերժվելու եք», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը եւ ավելացրեց.
«Այսուհետեւ ըմբշամարտի ընդհանուր ֆեդերացիայում դե ֆակտո գործելու են երկու ճյուղեր՝ հունահռոմեական ոճի եւ ազատ ոճի, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր պատասխանատուն եւ մարզչական խորհրդի ղեկավարը: Վերջինը միեւնույն ժամանակ դառնում է նաեւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
Հավաքականների կազմերը, հավաքների եւ մրցումների մասնակցելը որոշում է մարզչական խորհուրդը: Բոլոր քննարկումները կատարում եք ձեր «ընտանիքում», նոր որոշումները ներկայացնում մեզ: Կրկնում եմ. ոչ մեկին իրավունք չի վերապահվում որեւէ խնդրի հարցով շրջանցել մարզչական խորհուրդը, ֆեդերացիայի պատասխանատուին»:
Այնուհետեւ, Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց ֆեդերացիայի նոր ղեկավար կազմը:
Ազատ ոճի պատասխանատու եւ փոխնախագահ է նշանակվում Ռոբերտ Խաչատրյանը, իսկ հունահռոմեական ոճում փոխնախագահի պատասխանատվությունը դրվում է Արսեն Բադալյանի վրա:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնում է Արայիկ Բաղդադյանը:
Մարզչական խորհուրդները կղեկավարեն ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Արմեն Մկրտչյանը (ազատ ոճ) եւ Լեւոն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ոճ):
Հրաչյա Ռոստոմյանը կարեւորեց նաեւ մարզային ֆեդերացիաների գործունեությունը, իսկ Երեւանի ֆեդերացիայի նախագահ վերընտրված եւ ֆեդերացիայի նախագահի խորհրդական նշանակված Սամվել Գեւորգյանին հորդորեց կառույցի աշխատանքները կազմակերպել ավելի ակտիվ ու արդյունավետ: