Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը վերջնականապես հաստատեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանը:
«Արթուրը համեմատաբար ավելի լավ է: Այսօր ոչ ամբողջական մարզում է անցկացրել: Մրցատեղի կմեկնենք ամբողջ կազմով»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ավելի վաղ, ՀԱՕԿ լրատվականի բաժնի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հարցականի տակ էր դրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մասնակցությունը աշխարհի առաջնությանը՝ վատառողջ լինելու պատճառով:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 17-ին:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կկայանա մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Պլանավորված է, որ Հայաստանը կներկայացնեն Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին