Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր Տամպերեից վերադարձավ Երեւան:
Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց. «Մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը համարում եմ բավարար, թեեւ ավելի շատ սպասելիքներ ունեինք եւ ավելին կարող էինք անել: Մալխաս Ամոյանը պետք է ոսկե մեդալ նվաճեր, սակայն եզրափակիչ գոտեմարտում մրցավարները վերջին 15 վայրկյաններին հաղթանակը նվիրեցին իրանցի ըմբիշին: Այդպես ասում եմ, որովհետեւ իրանցին աշխարհի չեմպիոն դարձավ տեխնիկական ոչ մի հնարք չկատարելով: Եզրափակչի ճանապարհին Ամոյանը ավելի ուժեղներին՝ ադրբեջանցուն, թուրքին, ուկրաինացուն, մոլդովացուն՝ Եվրոպայի մրցանակակիրներին ու չեմպիոններին էր հաղթել, սակայն եզրափակչում կատարվեց այն, ինչ ասացի:
Ամեն դեպքում հիասթափություն չկա, աշխատելու ենք նաեւ մեր սխալների վրա եւ շարունակելու ենք պայքարել: Մյուս տղաներն էլ ընդհանուր առմամբ վատ չաշխատեցին, պայքարեցին իրենց հնարավորությունների սահմաններում: Սպասելիք կար 55 կգ քաշային Տիգրան Մինասյանից եւ Հրաչյա Պողոսյանից (60 կգ), որոնք, սակայն, պարտվեցին հավասար միավորներով:
Մեր տղաները, ինչպես ասել եմ, առաջին տարին է՝ պատանեկանից տեղափոխվել են երիտասարդական հավաքական: Իսկ այստեղ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն ավելի կոշտ են ու մրցումային ժամանակն ավելի երկար: Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ հանդես կգանք»: