Երկարամյա դադարից հետո այս տարի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մասնակից ունեցավ թրասուսեր զենքաձեւում: Վարդան Կոսիկովն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո: Նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում, բայց Հայաստանի քաղաքացի է.
«Կոսիկովը լավ մարզիկ է: Նա դիմել էր Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիային` Եվրոպայի առաջնությանը մեր երկրի կազմում հանդես գալու համար: Մենք էլ համաձայնեցինք: Նա ցանկություն ունի մասնակցել նաեւ աշխարհի առաջնությանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:
Այս առաջնությունում Կոսիկովը մեր թիմի միակ նորեկը չէր: Ամերիկահայ Նունե Ասադուրյանը (խոցասուսեր) նույնպես նորամուտը նշեց: Ասադուրյանը եւս հավաքականի կազմում ընդգրկվել էր իր խնդրանքով:
Արտաշես Մադոյանն ավելին էր ակնկալում մեր սուսերամարտիկներից: Սակայն, հաշվի է առնում, որ նախապատրաստական փուլն այնքան էլ լավ չեն անցել, չեն կարողացել ուսումնամարզական հավաք անցկացնել.
«Արդյունքներից գոհ չենք: Չնայած` մեր սուսերամարտիկները նոր են մտնում մեծահասակների տարիքային խումբ, իսկ առաջնությանը մասնակցում էին բոլոր ուժեղագույնները:
Մեր մարզիկներից երեքը ` Էդուարդ Օվիկյանը, Վարդան Կոսիկովը եւ Էմմա Պողոսովան լավագույն 64-ի մեջ էին»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: