Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի գործադիր կոմիտեի անդամ, Կատարը ներկայացնող Զամել Սայաֆ Ալ Շահրանին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ այցելել է «Օլիմպավան» և Ծաղկաձորի ուսումնամարզական համալիր։ Նրանք շրջեցին համալիրներում, ծանոթացան պայմաններին, մարզադահլիճներին և հյուրանոցային մասին։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Զամել Սայաֆ Ալ Շահրանին ասաց, որ իր այցի նպատակը հետագա համագործակցությունն է հայկական կողմի հետ.
«Այցիս նպատակը Հայաստանում անցկացվող ուսումնամարզական հավաքների պայմաններին ծանոթանալն է, քանի որ մենք ծրագրում ենք համագործակցել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ։ Ցանկանում եմ օգնել, որպեսզի արաբական երկրների ըմբիշներն ուսումնամարզական հավաքներ անցկացնեն այստեղ։ Այսօր ես տեսա հոյակապ պայմաններ ունեցող համալիրներ։ Ես այցելել եմ շատ երկրներ, եղել եմ սպորտային կառույցներում, և սա, իսկապես, լավագույններից մեկն է»,- ասաց Զամել Սայաֆ Ալ Շահրանին։