Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Մ 18 տարեկանների հավաքականը երկար դադարից հետո այս տարի կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Վերջին անգամ այս տարիքային խմբի աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացել էր 2007 թվականին:
Հավաքականի ավագ մարզիչ Եղիշ Դավթյանը հրապարակել է թիմի կազմը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա հայտնեց, որ հրավիրել է բասկետբոլիստներ Հայաստանից, Արցախից եւ արտասահմանից:
«Ուսումնամարզական հիմնական հավաքը սկսելու ենք հունիսի 19-ին, քանի որ մեր բասկետբոլիստները տարբեր օրերի են ժամանելու: Իսկ մինչ այդ մյուսների հետ կմարզվենք Օլիմպավանում:
Նայել եմ մեր բասկետբոլիստների խաղերի տեսագրությունները, դրական կարծիքներ լսել արտասահմանի այն մասնագետներից, որոնք աշխատում են նրանց հետ: Դեռեւս անձամբ ծանոթ չեմ խաղացողների հետ: Կարծում եմ` վատ թիմ չենք ունենա:
Մարզումների ժամանակ կհասկանամ բասկետբոլիստների ներուժը եւ, ըստ այդմ, կկառուցենք մեր խաղը: Հավաքի ընթացքում նաեւ ընկերական խաղ կունենանք Վրաստանի նույն տարիքային հավաքականի հետ»,- ասաց մարզիչը:
Եղիշ Դավթյանը հետեւել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլի մեր մրցակիցների` Կիպրոսի, Կոսովոյի եւ Նորվեգիայի խաղերին: Ըստ նրա` բավականին ուժեղ խմբում ենք հայտնվել.
«Չկա մարզիչ, որ չցանկանա չեմպիոն դառնալ: Մեր հիմնական նպատակը եզրափակիչ դուրս գալն է: Կանենք ամեն ինչ, որ մեր առջեւ դրված խնդիրը պատվով կատարենք»,- նշեց Եղիշ Դավթյանը:
Բասկետբոլի տղամարդկանց Մ 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 4-9-ը Կիպրոսում:
Հավաքականի կազմում ընդգրկվել են` Ալեքս Իսկանդերյանը, Գեորգի Հովհաննիսյանը, Զաքար Դավիդյանը, Անդրե Զոհրաբյանը, Արտյոմ Պեչենջյանը, Վլադիմիր Հարությունյանը, Շանթ Արսլանյանը, Գեորգի Պոդկոլզինը, Ավո Դանիելյանը, Արման Դանիելյանը, Դավիթ Միքայելյանը, Արամ Մկրտչյանը, Գեորգի Շախնազարովը: