Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում, որին ներկայացել էր 4 մարզիկներով:
Հայաստանի համար արծաթե մեդալ նվաճեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով եզրափակիչում 0:2 հաշվով զիջեց ռուս Արտյոմ Սուրկովին: Կիսաեզրափակիչում Հարությունյանը առավելության էր հասել ադրբեջանցի Հասան Ալիեւի նկատմամբ՝ 8:5, հաղթել էր իսպանացի Սանչես Նավարոյին ՝ 6:0, բուլղարացի Կոնստանտին Ստասին ՝ 8:0 և սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին ՝ 9:1: 75 կգ քաշային Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 0:8 հաշվով պարտվեց դանիացի Մարկ Մադսենին: Իր մրցելույթներով ուրախացրեց 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, ով հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն կրեց: Մանուկյանը 9:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սաման Տահմասեբիին, 8:1 հաշվով առավելության հասել չեխ Արտուր Օմարովի նկատմամբ և պայքարից դուրս էր թողել լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչին, իսկ կիսաեզրափակիչում 4:12 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանուկյանը 0:3 հաշվով պարտվեց թուրք Մետեհան Բասարին: Խաղերի առաջին մրցումային օրը մրցագորգ էր ելել Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ռոման Ամոյանը, ով մրցավայր էր մեկնել ձեռքի մատի վնասվածքով:
Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից: Նա 6:0 հաշվով առավելության էր հասել պորտուգալացի Ժոաո Կարվալյուի նկատմամբ, սակայն հաջորդ գոտեմարտում պարտվել Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Ստեփան Մարյանյանին: Հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Միակ սփոփիչ գոտեմարտում Ամոյանը հաղթել էր դանիացի Տոբիաս Ֆոնեսբեքին, բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց Էլման Մուխտարովին:Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բաքու էին տարել մարզիչներ Սամվել Գեւորգյանն ու Էդիկ Սահակյանը։