ՀԱՐԳԵԼ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

10:37 - 08 Սեպ, 2022

Արդարացի խաղի միջազգային կոմիտեն 2020 թվականի հատուկ նիստում որոշել է  սեպտեմբերի 7-ը  հայտարարել  արդարացի խաղի համաշխարհային օր:

Տոնը հատուկ օր է բոլոր նրանց համար, ովքեր սպորտում հետևում են  արդար խաղի սկզբունքներին։ Ընդհանրապես առաքինության կանոնները պետք է հարգվեն, գնահատվեն առօրյայում:

Վերջին տասնամյակների ընթացքում  արդարացի խաղի  շարժումը  մեծ ճանաչում  է ձեռք բերել  մարզաշխարհում: Այն դարձել է ավելի ուժեղ և հայտնի: 

Տոնի նպատակն է աջակցել մաքուր սպորտին ՝ մրցասպարեզներում  և կյանքի այլ ոլորտներում: 

Հենց միայն  մարզիկների ձեռքսեղմումը արդար խաղի տարրական դրսևորում է: Այդ շարժման  սկզբունքները ներառում են  հարգանք մրցակիցների, մրցավարների  որոշումների նկատմամբ , չօգտագործել դոպինգ կամ  արգելված խթանիչ, ինքնատիրապետել, զսպել  էմոցիաները, կարողանալ համարժեք ընկալել մենամարտի ցանկացած ելք և այլն:

<< Գլխավորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը >>. Կուբերտենի  այս հայտնի գաղափարը կարծես  իր տեղը  զիջել էր  << Հաղթանակ ամեն գնով >>    կարգախոսին:

Արդարացի խաղի համաշխարհային շարժումը ղեկավարում է  սպորտային գիտության և ֆիզիկական դաստիարակության միջազգային խորհուրդը, որը հիմնադրվել է 1958 թ.: Կան բազմաթիվ տարբեր կազմակերպություններ, որոնք աջակցում են արդարացի խաղին:  

Արդարացի  խաղի միջազգային կոմիտեն  հիմնադրվել է Փարիզում, 1963թ. :   Եվրոպական արդար խաղի շարժումը ձևավորվել է 1992 թվականին՝ որպես ԵՕԿ- ի ստորաբաժանում:

Ինքը՝ Կուբերտենը,  և ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիրները,  դեռևս այն ժամանակ  ականատես  են եղել մարզիկների  խարդախության և ոչ սպորտային վարքի բազմաթիվ դեպքերի։ Դրա հետ կապված,  1920թ.  Անտվերպենի օլիմպիական խաղերում առաջին անգամ ներկայացվեց մարզիկների օլիմպիական երդումը, իսկ 1972թ. Մյունխենի խաղերում առաջին անգամ երդվեցին նաև մրցավարները:

Կուբերտենը ցանկանում էր միավորել և միաձուլել ժողովուրդներին հումանիստական վեհ գաղափարներով: Դրանք նա արտահայտել է մարզիկների երդման պատվիրանների մեջ:

Մարդկային պատմության ամենահին բարոյական կատեգորիաներից  մեկը ամփոփված է հետևյալ ձևակերպման մեջ. <<  Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կուզեիր, որ նրանք վարվեն քեզ հետ >> : Դա բարոյականության ոսկե կանոն է:

Ավաղ, մեր ժամանակներում  փոխվել է սպորտի բարոյական նկարագիրը:  Որոշ մարզիկների մոտ նկատվում են բացասական այնպիսի երևույթներ, ինչպիսիք են գոռոզամտությունը, մեծամտությունը, եսասիրությունը, անկարգապահությունը,  պահանջվող վարքագծի և պահելաձևի բացակայությունը և այլն:

Արդարացի խաղը սպորտում շատ կարևոր է: Այն բնագավառը դարձնում է  բարոյական և հակադրվում է անարդարություններին ու անկարգություններին:

 

 

Այլ նորություններ