Արտաշես Ներսիսյան. Ծանրամարտում մեկուկես տարին շատ քիչ ժամանակահատված է

13:20 - 27 Ապր, 2017

Ծանրամարտի մինչեւ 20 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնության ավարտից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գոհունակությամբ նշեց, որ ներկայացուցիչներ կային ինչպես Երեւանից ու Գյումրիից, այնպես էլ՝ Վանաձորից, Էջմիածնից, Արմավիրից, Կապանից, Արարատից, Վեդիից.

«Առաջնությունը ցույց տվեց, որ տեղերում աշխատանք տարվում է: Բայց այն կիլոգրամները, որոնք մարզիկներին պետք է միջազգային ասպարեզ դուրս բերեն, հիմնականում Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը ցույց տվեցին: Հենց այդ երկուսն էլ պետք է մեկնեն Տոկիո՝ մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը: Իսկ մյուսները դեռ պետք է շատ աշխատեն, որպեսզի անցնեն միջազգային մրցահարթակ: Դրա համար անհրաժեշտ է ավելի լուրջ աշխատել, ավելացնել հավաքների քանակը, որպեսզի եկող տարի աշխարհի առաջնությունում, որտեղից սկսվում է հաջորդ օլիմպիական խաղերի վարկանիշերի հաշվարկը, մենք, թեկուզ փոքր, բայց միավոր բերող թիմ ունենանք: Ճիշտ է, դեռ մեկուկես տարի կա, բայց ծանրամարտի համար դա շատ քիչ ժամանակ է: Դա նկատի ունեմ՝ ասելով, որ անհրաժեշտ է լուրջ աշխատել», - ասաց մարզիչը:

Արտաշես Ներսիսյանը հավատում է, որ Հայաստանն աղջիկների իր հասանելիք մեկ տեղն անպայման կունենա նաեւ եկող տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ մարզիչն ասաց, որ մայիսի 8-ից չորս աղջիկներ՝ Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը, Աննա Գովելյանը եւ Տաթեւ Հակոբյանը, իր հետ հավաքի են մեկնում Ուկրաինա, իսկ հավաքականի մարզիչ Արման Ղազարյանը մնում է Հայաստանում եւ այդ ընթացքում ուսումնամարզական հավաք է անցկացնելու պատանիների եւ երիտասարդների հետ.

«Ինչու ենք չորս հոգու տանում Ուկրաինա: Արդեն ասացի, որ Սոնան ու Արփինեն մասնակցելու են աշխարհի երիտասարդական առաջնությանը: Տաթեւիկը նախապատրաստվում է Համաշխարհային ուսանողական խաղերին, որին մասնակցելու ենք երկու ծանրորդով: Երկրորդի ընտրությունը կատարվելու է Սոնայի եւ Արփինեի միջեւ: Իսկ Աննա Գովելյանը, եթե Ուկրաինայում լավ կիլոգրամներ բարձրացնի, ազգային հավաքականի կազմում այս տարի հանդես կգա մեծահասակների աշխարհի առաջնությունում», - եզրափակեց Արտաշես Ներսիսյանը:

 

Այլ նորություններ