Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց Զինաիդա Սիմոնյանի անվան ավանդական հուշամրցաշարը: Այն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցմանը մասնակցում է 75 հրաձիգ Երեւանից եւ Գյումրիից:
Մարզիկները ներկայացնում են` Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցը, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը:
Մարզիկները կմրցեն գնդակային հրաձգության բոլոր վարժություններում` 10 մ տարածությունից:
Հուշամրցաշարի բացմանը ներկա էին ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
ՀԱՕԿ փոխնախագահը կարեւորեց Հայաստանում հրաձգության զարգացումը.
«Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախագահին, որ շարունակաբար անցկացնում է հուշամրցաշարը: Այս մարզաձեւը կիրառական նշանակություն ունի մեր պետության համար: Շատ կարեւոր է, որ հրացանից կրակել կարողանան ե´ւ աղջիկները, ե´ւ տղաները»,- նշեց Դերենիկ Գաբրիելյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչն էլ ակնկալում է, որ հրաձիգները լավ հանդես կգան մրցաշարում եւ բարձր կպահեն Զինաիդա Սիմոնյանի անունը.
«Զինաիդա Սիմոնյանը տաղանդավոր հրաձիգ էր: Մեր մարզաձեւում նրան բոլորն են ճանաչում: Նա ունի աշխարհի բոլոր մեդալները, բացի օլիմպիական խաղերից: Ես հուսով եմ, որ մեր պատանիները կհասնեն նման արդյունքի»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Վաղը հրաձիգները կպայքարեն օդամղիչ հրացան, վազող թիրախ` նորմալ վազք մրցաձեւերում: