Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վաղն ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը:
Մեր ընտրանին, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:
Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները:
Նրանք են. 59 կգ քաշային կարգ՝ Գեւորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան.
«Ո՞վ 98 կգ քաշային կարգում կներկայացնի Հայաստանը, կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը:
Իսկ 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք գտել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում», - ասաց գլխավոր մարզիչը:
Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ տեղեկացրեց, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի: Այսօր ըմբիշը կշռվելու է, իսկ վաղն սկսելու է գոտեմարտել: