Այսօր երեկոյան տոնական տրամադրությունն էր թևածում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում: Տեղի ունեցավ Եվրոպայի ծանրամարտի 101 –րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Կազմակերպիչները լուսային էֆեկտներով հետաքրքիր ու դիտարժան բեմականացում էին պատրաստել դահլիճում ներկա գտնվողների և հեռուստադիտողների համար: Գրեթե մեկ ժամ շարունակ իրար էին հաջորդում միմյանց հետ ամուր շաղկապված խորհդանշական տեսարանները: Իսկ ամեն բան նվիրված էր Հայաստան երկրին, հիշեցնում էր մեր անցյալը ներկան ու ապագան:
Հուզիչ էր << երկնքից իջնող աստվածուհին >> , որին գրկաբաց ընդունեց հայոց բերդի խրոխտ պարախումբը:
Տպավորություն ստեղծեցին մանավանդ էկրանին ցուցադրվող մեր մայրաքաղաքի ճարտարապետական կոթողների տեսարանները:
Ներկաները ջերմորեն արձագանքեցին հայրենական սպորտի աստղերին, նրանց թվում մեր մեծանուն ծանրորդներին, որոնք ներկայացվեցին տեսաժապավենով:
Հապա բեմահարթակ վայրէջք կատարած խորհդանշական ինքնաթիռը, որը համալիր էր բերել մասնակիցներին ՝ իրենց երկրների դրոշներով:
Ողջույնի խոսքով հանդես եկան կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը և Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին:
Մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նա առաջնությունը հայտարարեց բացված:
Միջոցառումը եզրափակվեց ՀՀ օրհներգով: