Երեկ ավարտվեց սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ իրենց սպասելիքներն արդարացել են.
«Մեր բոլոր առաջատար սուսերամարտիկները հաղթեցին: Արդեն գիտենք` մարզիկներն ինչ հնարավորություններ ունեն: Մեր սպասելիքներն արդարացան, անակնկալներ չունեցանք: Ընդհանուր առմամբ գոհ ենք»,-ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Այժմ սուսերամարտիկները պատրաստվելու են Բուլղարիայում կայանալիք պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը: Արտաշես Մադոյանը հայտնեց, որ Հայաստանի առաջնության արդյունքում ձեւավորվել է հավաքականի կազմը:
Գլխավոր ստուգատեսին կմասնակցեն 2 պատանի եւ 4 երիտասարդ:
Պատանիներից աշխարհի առաջնությունում հանդես կգան Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (երկուսն էլ ճկասուսեր), իսկ երիտասարդներից` Էդուարդ Օվիկյանը, Ռազմիկ Վարդանյանը, Էմմա Պողոսովան (երեքն էլ խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր).
«Հույս ունենք, որ մեր սուսերամարտիկները լավ հանդես կգան աշխարհի առաջնությունում եւ կկարողանան մի քանի փուլ անցնել: Սկզբից մասնակցելու են պատանիները, ապա երիտասարդները:
Պատրաստվածության այս մակարդակով դժվար է մրցանակային տեղ զբաղեցնել: Մինչեւ գլխավոր ստուգատեսը հավաքական թիմի հետ միասնական մարզումներ ենք անցկացնելու: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում՝ տարբեր երկրներից հրավիրելով մեկական մարզիկ: Հայաստանից այդ հավաքին կմասնակցի Էդուարդ Օվիկյանը»,-նշեց Արտաշես Մադոյանը:
Պատանիների աշխարհի առաջնությունը կկայանա ապրիլի 1-4, իսկ երիտասարդներինը` ապրիլի 5-8-ը: