«Ձյուդոյի Հայաստանի այս տարվա առաջնությունում մասնակցությունը թե քանակական, թե աշխարհագրական առումով զգալիորեն նվազել է նախորդ տարիների հետ համեմատած, ինչը վատ է: Պատճառը մեկը չէ, բայց գլխավորը մարզադպրոցներում խմբերի թերբեռնվածությունն է ու կատարվող աշխատանքների ցածր մակարդակը: Մենք արդեն ունենք, թե քանի մարզադպրոց է մարզիկ գործուղել Հայաստանի առաջնություն եւ յուրաքանչյուրը՝ որքան:
Հայաստանի առաջնությունից հետո ֆեդերացիան մտադիր է լուրջ աշխատանք ծավալել մարզադպրոցների եւ մարզիչների հետ: Հակառակ դեպքում ձյուդոյով զբաղվողների քանակը գնալով կկրճատվի: Կարծում եմ, նշանակություն ունի նաեւ սերնդափոխությունը», - ՀԱՕԿ լրատվականին ասաց ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:
Մարզչին չի բավարարում նաեւ առաջնությունում որոշ քաշային կարգերում պայքարի մակարդակը.
«Որոշ քաշային կարգերում պայքար չկա, եւ միջազգային մրցումներում մենք անելիք չունենք: Պետք է այդ մարզիկների հետ ներսում պարապեմ, այստեղ նրանց համար ուսումնամարզական հավաքներ կազմակերպեմ, որպեսզի մի ինչ-որ մակարդակի հասնեն», - տեղեկացրեց մասնագետը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ունի 2018 թվականի հաստատված ծրագիրը: Ազգային հավաքականի մոտ չորս հիմնական անդամներ հունվարին ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ավստրիայում: Վերադառնալուց հետո Օլիմպավանում կազմակերպվելիք ընդլայնված հավաքին նրանց կմիանան ներքին առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրածները, որից հետո առավել աչքի ընկածները կմասնակցեն Եվրոպայի գավաթին (Ավստրիայում).
«Այնուհետեւ, ամենափորձառուները կնախապատրաստվեն Փարիզում կայանալիք «Գրանդ Շլեմ» հեղինակավոր մրցաշարին եւ այլ կարևորագույն մրցաշարերի, կընդգրկվեն արտագնա եւ ներքին ուսումնամարզական հավաքներում եւ ապրիլի վերջին Իսրայելում լավագույնները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը»:
Արմեն Նազարյանը նշեց նաեւ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բաքվում.
«Մենք նախապատրաստվելու ենք: Ֆեդերացիայի ծրագրում մասնակցությունը նախատեսված է, բայց ժամանակը ցույց կտա», - եզրափակեց գլխավոր մարզիչը: