Հունվարի վերջին տասնօրյակին Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի մայրաքաղաքի Օլիմպավանում: Այնուհետև տեղի կունենա Հայաստանի առաջնությունը / հունվարի 31 –ից՝ փետրվարի 4 –ը / :
Մեկշաբաթյա հանգստից հետո, դարձյալ Օլիմպավանում, թիմը ուսումնամարզական պարապմունքների կմասնակցի: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասաց, որ առաջատարների երկրորդ հավաքին կմիանան երիտասարդականի չորս մարզուհիներ, որոնք պետք է մասնակցեն Երևանում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Անելիքները շատ են , քանզի առջևում են պաշտոնական պատասխանատու մրցաշարերը: Հնդկաստանում / Դելիում / մարտի 15 – 31 –ը կանանց գլխավոր թիմը հանդես կգա աշխարհի առաջնությունում, իսկ հունիսին ՝ Եվրոպայի ամառային մարզական երրորդ խաղերում / Լեհաստանում /: Ի դեպ, Կրակովի ստուգատեսում խաղարկվելու են << Փարիզ – 2024 >> -ի ուղեգրեր:
Վաստակաշատ գլխավոր մարզիչը հույս ունի, որ նշած երեք մրցումներում հաջողությունից անմասն չեն մնա մեր մարզուհիները: Ի դեպ, հավաքների ընթացքում Ռաֆայել Մեհրաբյան, Հակոբ Մելքոնյան և Համլետ Սարգսյան եռյակին կմիանան նաև երիտասարդականի մարզիչներ Մանվել Գաբրիելյանը և Հարություն Նազարյանը: