ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

11:47 - 16 Մայ, 2024

Բելգրադում ապրիլի 28 - ին ավարտված Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունից հետո մեկշաբաթյա հանգիստ տրվեց մեր հավաքականի անդամներին: Այնուհետև ուսումնամարզական հավաք սկսվեց Երևանի Օլիմպավանում:

Թիմի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը  նախնական փուլի մարզումներում  մեծ տեղ հատկացրեց մասնակիցների ուժերի վերականգնմանը: Հաջորդեցին  մասնագիտական  պարապմունքները: Նպատակը արագաուժային,  և, հատկապես, տեխնիկական ու տակտիկական  որակների հղկումն է:

-  Հավաքը կավարտենք մայիսի 19 –ին, իսկ երկու օր հետո կմեկնենք Թաիլանդ ու Բանգկոկում կմասնակցենք օլիմպիական վարկանիշային համաշխարհային մրցաշարին, որը վերջինն է բռնցքամարտիկների համար, - զրույցի ժամանակ  ասաց Կարեն Աղամալյանը: - Թիմում ընդգրկել ենք հետևյալ մարզիկներին.  Բարեղամ Հարությունյան / 51 կգ /, Արթուր Բազեյան / 57 կգ /, Նարեկ Հովհաննիսյան / 63 , 5 կգ /, Գուրգեն Մադոյան / 71 կգ /,  Ռաֆայել Հովհաննիսյան / 80 կգ /,  Նարեկ Մանասյան / 92 կգ /,  Դավիթ Չալոյան / գերծանր քաշ /, կանանց մրցաշարի մասնակիցներ Անուշ Գրիգորյան / 52 կգ /, Եկատերինա Սիչովա / 54 կգ / և Անի Հակոբյան / 66 կգ /:

Վարկանիշային մրցաշարը, ինչպես հայտնի է, անցկացնում է միջազգային օլիմպիական կոմիտեն: Ուղեգրերի համար պայքարը  չափազանց լարված կլինի, քանզի անվանի շատ մարզիկներ դեռևս արտոնագիր չունեն: Հայաստանի  բռնցքամարտի թիմը նույնպես առայժմ Փարիզի խաղերի մասնակից չունի: Դա մեզ սազական չէ: Այդ հանգամանքը գիտակցում են կաշվե ձեռնոցի մեր վարպետները և նրանք վճռական տրամադրությամբ կմեկնեն Թաիլանդի ստուգատես:

Հավելենք, որ քաշային կարգերում խաղարկվող ուղեգրերի քանակը տարբեր է լինելու.  մեկից մինչև  չորս  մարզիկ: Դա բացատրվում է արդեն ուղեգիր ունեցող բռնցքամարտիկների քանակով:  

 

Այլ նորություններ