Երեկ Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվեց հրաձգության Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին չեն գոհացրել արդյունքները: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը նշեց, որ եզրափակչում ավելի շատ մասնակիցներ էր ակնկալում:
«Դժգոհ եմ հատկապես մեծահասակների ցույց տված արդյունքից: Եզրափակչում ընդամենը երկու մասնակից ենք ունեցել` Լիլիթ Մկրտչյանը, որը մեծահասակների պայքարին առաջին անգամ մասնակցելով փոխչեմիոն դարձավ եւ 4-րդ տեղը գրաված ավելի փորձառու Զավեն Իգիթյանը:
Մեծահասակների հետ մեծ հույսեր էինք կապում նաեւ թիմային պայքարում, սակայն նրանք վատ հանդես եկան: Մեր հրաձիգները հոգեբանորեն չկարողացան իրենք իրենց հաղթահարել: Նրանք շատ լավ էին պատրաստվել եւ ամեն ինչով ապահոված են եղել»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Սեյրան Նիկողոսյանի հիմնական սպասելիքները պատանիներից էին: Մարզիչը հայտնեց, որ նրանք մասնակցեցին երիտասարդների առաջնությանը, որ փորձ ձեռք բերեն մինչեւ 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերը.
«Բենիկ Խլղաթյանը, Ալլա Պողոսյանն ու Նարեկ Ադամյանը միջին արդյունք են ցույց տվել, բայց դա առայժմ բավարարում է պատանիների օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար:
Բաքվում կայանալու է օդամղիչ զենքերի Եվրոպայի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշեր: Մեր պատանիները հասկանալի պատճառով չեն մասնակցի: Նրանք վարկանիշի համար պայքարել կկարողանան հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունում:
Հունիսին կայանալու է երիտասարդների Լեհաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն մեր պատանիները: Այնուհետեւ լեհերի, ուկրաինացիների եւ լատվիացիների հետ ուսումնամարզական հավաք կանցկացնենք:
Հետո կմեկնենք Գերմանիա` աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում հավանաբար կընդգրկվի 6 մարզիկ: Մեծահասակները վատ մրցելույթի պատճառով պատժված են եւ բաց կթողնեն աշխարհի գավաթի խաղարկությունը»,-հայտնեց Սեյրան Նիկողոսյանը: