Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ առաջնության արդյունքներով կձևավորվի հավաքականի կազմը, որը կսկսի նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը.
«Երիտասարդ ըմբիշներն ամեն ինչ անում էին, լավ տպավորություն թողնելու համար: Առաջնության մասնակիցների քանակն ինձ չի բավարարում (88 ըմբիշ), բայց այն է, ինչ կա: Հիմա արդյունքները վերլուծելուց հետո, կձևավորենք հավաքականը, որը փետրվարի 23-ից մարտի 8-ը ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր: Հրավիրվելու է չեմպիոնների ու մեդալակիրների ընդլայնված կազմ: Հավաքից հետո կմասնակցենք Ստամբուլում կայանալիք միջազգային մրցաշարին: Այնուհետեւ Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կունենանք Վրաստանի հավաքականի հետ, որի ժամանակացույցը դեռ պետք է ճշտվի: Մեր վերջնական նպատակն այս փուլում Սերբիայում նշանակված Եվրոպայի առաջնությունն է»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
Հավաքականի նորընտիր մարզիչը ևս մեկ անգամ իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ցուցաբերած վտահության համար և ասաց, որ ուրախ է գտնվել հայրենիքում ու աշխատել իր վաղեմի ընկերների հետ: