Ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

22:42 - 30 Օգո, 2016

Ֆրանսիայի Մակոն քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ):

50 կգ քաշային Սիմոնյանը մեկնարկային գոտեմարտում ոչ մի հնարավորություն չտվեց ադրբեջանցի Զիյադ Զեյնալովին (8:0): Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց իտալացի մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 4:8 հաշվով զիջեց ռուս Վլադիսլավ Մելնիկովին: Սիմոնյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:1 հաշվով հաղթեց ղրղզ Ադիլեթ Թալայբեկովին:

60 կգ քաշային Գևորգ Խումարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց ուզբեկստանի ներկայացուցչին, սակայն ուկրաինացի մարզիկի արգելքը հաղթահարել չկարողացավ և դուրս մնաց հետագա պայքարից:

74 կգ քաշային Արման Բաղդասարյանը առաջին գոտեմարտում 2:5 հաշվով պարտվեց ռումինացի Գեորգի Մարիեային, ով հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց հայ մարզիկին սփոփիչ գոտեմարտ անցկացնել թուրք մարզիկի հետ: Ցավոք, Բաղդասարյանը ևս պարտվեց:

Օգոստոսի 31-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ