Գիտեմ՝ լավ ենք մասնակցելու Օլիմպիական խաղերին.Սեյրան Նիկողոսյան

15:45 - 12 Հուլ, 2016

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը հրաձգությունում կներկայացնի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Հրաչ Բաբայանը: Մինչ Խաղերի մեկնարկն այս օրերին Բաբայանը և հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ-ի աջակցությամբ ուսումնամարզական հավաք անցկացնում են Լեհաստանում: Հավաքականի գլխավոր մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց Բաբայանի հնարավորությունների և Խաղերից ակնկալիքների մասին:

 -Պարոն Նիկողոսյան, ստացվեց այնպես, որ այս Խաղերին մենք ունենք միայն մեկ հրաձիգ՝ Հրաչ Բաբայանը: Պատմեք, խնդրեմ, թե առաջին անգամ երբ եք հանդիպել Հրաչին:

-Առաջին անգամ, երբ տեսա Հրաչին շատ փոքր-մոքր երեխա էր: Նրա անձնական մարզիչի մոտ տեսա և ասացի. «էս երեխեն մեղք չի՞, մեծ հրացանը տվել եք, գոնե ատրճանակ տվեք»: Հակառակվեցին ու ասացին, որ մեծ տաղանդի տեր երեխա է: 5 կգ զենքը բռնել էր մեծի պես և չէր էլ շարժվում: Հետո, երբ կրակում էր մեկ 10 էր կրակում, 9, 10 և միշտ դիպուկ: Կամաց-կամաց, երբ սկսեց կազմավորվել և պատանի հասակում մեծի նման կրակում էր: Հրաչին հարգանքով են վերաբերվում ամեն մրցաշարին, նա հասել է այդ մակարդակին:

՞նչ է պետք, որ մարզիկները, ինչպես Հրաչն է, պահպանեն իրենց բարձր արդյունքները:

-Մարզիկին կայության մեջ պահելու համար հարկավոր է տարեկան մի քանի ուսումնամարզական հավաք անցկացնել և միջազգային մի շարք մրցաշարերի մասնակցել: Այսօրվանից պետք է նախապատրաստվենք հաջորդ պատանեկան Օլիմպիական խաղերին: Հենց այսօրվա սերունդ է, որ պետք է միջազգային մրցաշարերի մասնակցի: Մենք ունենք տաղանդավոր և ընդունակ երեխաներ:

-Ավելի վաղ Ձեզ հետ զրույցներում Դուք ասում էիք որ ակնկալում եք գոնե 2-3 մարզիկի մասնակցություն: Ինչո՞ւ այս կերպ ստացվեց:

-Մեծահասակների մեր հավաքականն այդքան էլ ուժեղ չէ և մեզ հարկավոր էր առավել շատ ուսումնամարզական հավաքներ, որն անել մեզ չհաջողվեց: Գնացինք Եվրոպայի առաջնություն և պատահեց այն, ինչ պատահեց:

-Կարծում եմ արդեն հասցրել եք խոսել Հրաչի հետ Օլիմպիական խաղերի մասին: Ի՞նչ տրամադրվածություն ունի:

-Գիտեմ՝ լավ ենք մասնակցելու Օլիմպիական խաղերին: Տեղերի մասին բան չեմ կարող ասել, քանի որ 50 մասնակից միայն 8 է անցնում եզրափակիչ: Ընդհանուր «կրակ»-ի ժամանակ մարզիկն ուրիշ տպավորություն ունի, իսկ եզրափակչի ժամանակ՝ այլ: Որքան էլ մարզիչը փորձի օգնել հրաձիգին, եթե մարզիկի ներսից ինքնակառավարման բնազը չի գործում, ոչինչ չի ստացվի: Լիահույս եմ, որ Հրաչն ունի այս բոլոր որակները:

-Ընդհանուր առմամբ (Օլիմպիական խաղեր, Պատանեկան խաղեր. Խմբ.) սա Ձեր որերո՞րդ Խաղերն են:

-Հաշվի առնելով պատանեկան խաղերն էլ՝ 6-րդն են:

-Ի՞նչ է փոխվում մարզիկի մոտ աշխարհի առաջնության մասնակցության ժամանակ և Օլիմպիական խաղերին մասնակցելիս:

-Առանձնապես ոչինչ էլ չի փոխվում: Մրցաշարը մնում է մրցաշար: Օլիմպիական խաղերի ժամանակ ավելի հեշտ է կրակելը, քանի որ մարզիկների քանակն ավելի քիչ է: Եթե Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ մասնակիցների քանակը հասնում է մինչև 45-50-ի, ապա Խաղերի ժամանակ եռակի անգամ պակաս է:

-Արդյո՞ք հրաձգությունում ուժեղ բոլոր երկրները մասնակցության իրավունք ստացել են, թե՝ ոչ:

-Օրինակ Խորվաթիան, Ռումինիան և եվրոպական մի շարք այլ երկրներից, որոնք ուժեղ են այս մարզաձևում, չեն մասնակցելու խաղերին:

-Նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու:

-Հուլիսի 10-ից 13 օրյա ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Լեհաստանում: Հավաքին մասնակցում են Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Գերմանիայի ուժեղագույն մարզիկները: Կարցում են նման մրցակցության մեջ Հրաչին կհաջողվի լավագույնս նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Նրա գրանցած արդյունքները բարձր են, պետք է ամրապնդել այն: Այս հավաքականը կազմակերպեցինք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Մինչ Խաղերի մեկնարկը մի քանի օր կմարզվենք հենց Ռիոյում: Մենք Ռիո ենք մեկնելու հուլիսի 26-ին:

-Շնորհակալություն և հաջողություն եմ մաղթում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ