Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկամսյա ուսումնամարզական հավաքի միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հունիսի 7-ին հավաքականին միացավ նաև թիմի նորանշանակ մարզիչ Տիգրան Գյոկչյանը: Վերջինս երկարամյա աշխատանքային փորձ ունի, ինչպես լիբանանյան, այնպես էլ ասիական ակումբներում:
-Ինչպե՞ս անցավ Ձեր գլխավորությամբ առաջին մարզումը:
- Իմ օգնականները սկսել են աշխատանքը հունիսի 1-ից, իսկ ես երեկ երեկոյան ժամանեցի Երեւան, քանի որ Լիբանանի առաջնությունը դեռ չէր ավարտվել: Առաջին մարզմանը շատ բան ցույց չտվեցի: Աշխատում ենք տեխնիկա-տակտիկական քայլերի վրա: Դեռևս ընդհանուր համապատկերի չենք հասել: Այս ամենը հիմնական ժամանակի խնդիր է, որպեսզի հասկանանք, թե այս պահին ով ինչի է ընդունակ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք մինչև Եվրոպայի առաջնությունը:
-Բացի մարզումները, նախատեսել ենք ընկերական հանդիպումներ: Կմրցենք երիտասարդական հավաքականի, Իրանի հավաքականների, ինչպես նաև հնարավոր է խաղ կանցկացնենք ռուսական ակումբներից մեկի հետ: Իրանի ազգային եւ երիտասարդական հավաքականները պետք է ժամանեն հունիսի 23-ից 25-ը: Այս ամենը մոտ օրերս վերջնականապես կհաստատվի :
-Որպես նորանշանակ մարզիչ, ի՞նչ խնդիր ունեք Ձեր առաջ դրված:
-Իմ խնդիրը մեկանգամյա արդյունքի մեջ չէ, նպատակ ունեմ զարգացնել և նոր մակարդակի հասցնել հայկական բասկետբոլը: Եվ դրա սկզիբը կլինի հավաքականի ստեղծումը, որին հայությունը երկար է սպասել: Պետք է օգնենք սպորտային դպրոցներին, ուշադրություն դրաձնենք ակումբների հնարավոր ստեղծմանը, ուշադրության կենտրոնում պահենք երիտասարդական թիմերին: Կուզենայի, որ ապագայում Հայաստանում հանդես եկող բասկետբոլիստներն էլ կարողանային համալրել մեծահասակների հավաքականը: Ես լիահույս եմ, որ հայկական բասկետբոլը կարող է նոր թափով զարգանալ և վերածնունդ ունենալ:
-Հավաքականի հիմնական կորիզը սփյուռքի հայ երիտասարդներն են, ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել նրանց ներուժը:
-Թիմում կան և՛ փորձառու խաղացողներ, և՛ երիտասարդ բասկետբոլիստներ, ովքեր կօգնեն ազգային հավաքականին: Միշտ հետևել եմ տղաների խաղերին և գիտեմ թե ինչի են ունակ: Ունենք մի շարք տղաներ, ովքեր հեռանկարային են: Նրանք կկարողանան լավ արդյունքի հասնել:
-Հիմա նախապատրաստվում եք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Ո՞րն է հիմնական խնդիրը:
-Որպես մարզիչ, իհարկե միշտ էլ հաղթանակ ենք ուզում, պայքարում ենք առաջին տեղի համար: Մենք ունենք հնարավորություն պայքարելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում լավագույն տեղերի համար: Բայց ուզում եմ, որ այս հավաքականից բացի բազա ստեղծենք ապագայի համար: Մենք ունենք այդ հնարավորությունը՝ ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի, Գաբրիել Ղազարյանի, Արա Պողոսյանի, Արթուր Նազարյանի շնորհիվ: Բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհում, այդ կերպ մենք աշխարհում ևս կկարողանանք բարձրացնել Հայաստանի անունը:
ՀԱՕԿ լրատվության բաժին