Օլիմպիական խաղերի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացավ գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
Մեծահասակների աղջիկների պայքարում 150,26 միավորով բաց առաջնության հաղթող դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը: Երկրորդ տեղում Միլենա Դանիելյանն է (68,34 միավոր) և եռյակի վերջում Նատալի Գզիրյանն է (54.99 միավոր):
Տղաների մրցաշարին մասնակցում էին միայն երկու գեղասահորդ` Սլավիկ Հայրապետյանը և Ջեկ Կերմեզյանը: 178,45 միավորով առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն է, իսկ Կերմեզյանը, ով, ի դեպ, ներկայացնում է Կանադան, հավաքեց 177,44 միավոր:
«Ֆեդերացիայի խորհրդի անդամներով և մարզչական կազմով որոշեցինք անցկացնել ոչ թե Հայաստանի առաջնությունը, այլ բաց առաջնություն: Նպատակ ունեինք արտասահմանից ևս հյուրեր ունենալ` այդ կերպ նպաստելով երեխաների առաջընթացին»,-փաստեց գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանիա Ստեփանյանը:
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանն ուրախ է բաց առաջնությունում առաջին հորիզոնականում լինելու համար: «Այստեղ բոլորը ջերմ են` պատրաստակամ օգնելու: Թեպետ մարզադահլիճում շատ ցուրտ է, բայց ամեն ինչ շատ լավ է անցնում: Ուրախ էի բաց առաջնությանը մասնակցելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Անաստասիա Գալուստյանը:
Հայաստանի բաց առաջնության պարգևատրման արարողությունը կկայանա հունիսի 1-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ցուցադրական ելույթներով: Ընդհանուր առմամբ առաջնությանն մասնակցում էին 45 գեղասահորդներ:
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին