Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում գրանցած արդյունքները:
«Ես տղաներից գոհ եմ։ Սա փորձնական էր։ Մենք արդեն գիտենք, թե ինչ բացթողումներ ունենք, ինչի վրա պետք է աշխատենք։ Մենք 1 միավոր ավել վաստակելու հնարավորություն ունեինք, իսկ դա կապահովեր մեր տեղը տասնյակում։ Թիմային լավ մասնակցություն ունեցանք։ Կարևորը՝ չընկան։ Սպասվում էր, որ Արթուր Թովմասյանն էլ եզրափակիչ կանցնի, սակայն մի քայլ հետ մնաց։ Սակայն դա նրա բացթողումն էր։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք 6 հոգով, որոնցից մեկը երիտասարդ, և ունենք եզրափակչի 4 մասնակից։ Այս արդյունքը ցանկացած թիմի համար լավ ցուցանիշ է: Տղաներն արեցին այն, ինչ անհրաժեշտ էր»,-ասաց Սերոբյանը։
Նախօրեին կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը (248.702 ): Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը: Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (15.300) և դուրս եկավ եզրափակիչ։ Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը 2-րդ հորիզոնականով (15.491) դուրս եկավ եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը(15.566) և իրավունք ստացավ եզրափակչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը (15.366): Հայ մարմնամարզիկը մեկ քայլ հետ մնաց եզրափակչից:
Շվեյցարիա, Բեռն
ՀԱՕԿ լրատվության բաժին