Ավելի քան 70,000 հանդիսական է ներկա եղել Փարիզի Ելիսեյան դաշտերում և Հաղթական կամարի շուրջ անցկացված օլիմպիական խաղերի ավարտի տոնակատարությանը:
Միջոցառումը հեռարձակվել է Ֆրանսիայի հեռուստատեսության ուղիղ եթերով, որը դիտել է ավելի քան 10 միլիոն մարդ: Այդկերպ հարգանքի տուրք է մատուցվել բոլոր ֆրանսիացիներին՝ կամավորականներին, մասնագետներին, երկրպագուներին, որոնց ներդրումն առանցքային է եղել խաղերի հաջող կայացման համար:
Դեռևս 1906թ. ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը գավաթ է սահմանել, որը ավանդաբար շնորհվում է կազմակերպություններին կամ համայնքներին՝ սպորտին բացառիկ նվիրվածության համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, վարչապետ Միշել Բարնիեի, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի ներկայությամբ, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը պատվավոր մրցանակը հանձնել է Ֆրանսիայի ժողովուրդը ներկայացնող կամավորներից և երկրպագուներից կազմված խմբին:
Դիմելով արարողությանը հետևող բազմահազար հանդիսականներին, ՄՕԿ-ի նախագահն ասել է, որ դուք՝ ֆրանսիացիներդ, ձեր սրտերում եք ընդունել օլիմպիական խաղերը և ստեղծել անզուգական մթնոլորտ Փարիզիում և ամբողջ Ֆրանսիայում։ Հյուրերին և օլիմպիականներին ընդունել եք ջերմությամբ և ոգևորությամբ՝ անկախ քաղաքական տարաձայնություններից:
Շնորհակալություն, Ֆրանսիա:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ՄՕԿ –ի նախագահին է հանձնել Մեծ Վերմեյլի մեդալը, որը մայրաքաղաքի բարձրագույն պարգևն է: