ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔ

11:17 - 04 Մայ, 2023

Հայաստանի բռնցքամարտում յուրատեսակ ռեկորդ գրանցվեց: Երևանի << Միկա >> մարզապալատում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում տանտերերի հավաքականի 13 անդամներից 12 –ը դարձավ մեդալակիր:

Կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո, պարզվեց, որ մեր թիմի ինը սաներ  արժանացան  բրոնզե մեդալի, իսկ նրանց երեք թիմակիցներ մտան եզրափակիչ:

Վճռական փուլում հաղթական մրցելույթ ունեցավ 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:Նա վստահ հաղթանակ տոնեց իտալացի  Զոնաթան Պիսարոյի նկատմամբ, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալով: Երևանցի շնորհալի մարզիկը ճանաչվեց նաև մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ:

Պարգևատրության ժամանակ Դավթին ոսկե մեդալը հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Եզրափակիչի մեր մյուս երկու ներկայացուցիչները ՝ 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը  գրավեցին երկրորդ տեղը և կանգնեցին պատվանդանի << արծաթե >> աստիճանին:

Երրորդ մրցանակակիր դարձան   Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ),  Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ), գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը և աղջիկների մրցաշարի մասնակից Լուսինե Գևորգյանը  ( 48 կգ ):

13 մասնակից ու 12 մեդալ: Այսպես շնորհավորեցինք մեր հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանին: Շնորհակալ եղավ և հավելեց, որ թեև մեր թիմի գրանցած արդյունքը աննախադեպ է, բայց  այնքան էլ գոհ չէ  մրցավարությունից: Ի վնաս մեր տղաների երկու  ակնհայտ վրիպում եղավ կիսաեզրափակիչում և մեկը ՝ ոսկու համար պայքարում:

Փույթ չէ.  կարևորն այն է, որ ունենք հրաշալի հերթափոխ, որը հուսալի է: Այսօրվա տղաների մեծ մասը կարող է մասնակցել նաև  Եվրոպայի հաջորդ տարվա երիտասարդական առաջնությանը: Ընթացքում կայանալիք մրցումների շնորհիվ կհարստանա մեր մարզիկների մրցափորձը , ինչի պակասը զգացնել տվեց երևանյան ստուգատեսը:

Վազգեն Բադալյանի նպատակը մեկն է՝ ուժեղագույն բռնցքամարտիկներով համալրել ազգային հավաքականը:

 

 

 

Այլ նորություններ