Կայացավ Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության / Vbet Ա լիգա / փլեյ-օֆֆի՝ «Արցախ» - ԲԿՄԱ թիմերի երկրորդ հանդիպումը: Ինչպես հայտնի է, այդ ակումբների առաջին մրցամարտում 20 միավորի առավելությամբ / 90 : 70 / հաղթել էին բանակայինները: Շատերը հավանաբար ենթադրում էին, որ երկրորդ խաղում նույնպես կհաղթի բանակի թիմը: Իհարկե, առաջնության ընթացքին հետևող մասնագետներ և որոշ մարզասերներ գրեթե համոզված էին, որ թիմերի « երկրորդ ռաունդը » կանցնի անզիջում պայքարում՝ լի դրամատիկ պահերով: Այդպես էլ եղավ. մրցամարտի հիմնական ժամանակն ավարտվեց հավասար՝ 98 : 98 հաշվով, որը վկայում է ասածը:
Հարցին լուծում տվեց լրացուցիչ ժամանակը, մանավանդ, երբ վնասվածք ստացավ ԲԿՄԱ –ի առաջատար Դենզել Մանսայը: Դա ծանր անդրադարձավ նրա թիմի վրա, որը պարտվեց 102 : 116 հաշվով:
Կիսաեզրափակիչ մտնելու վերջին` որոշիչ հանդիպումը նշած մրցակիցների միջև տեղի կունենա վաղը ՝ մարտի 18-ին:
Կիսաեզրափակիչում իրենց տեղն ապահոված «Էրեբունի» և «Գյումրի» թիմերի առաջին հանդիպումը կանցկացվի այսօր՝ մարտի 17 –ին:
Հայաստանի կանանց առաջնության / VBET / հերթական տուրում «Երևան Բասկետը» խոշոր՝ 118-89 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրիի» նկատմամբ, որի շնորհիվ մրցաշարում տոնեց իր 12 –րդ հաղթանակը:
Այսօր «Լես Ֆոքսիսը» կհյուրընկալի «Հատիսին»: