ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

09:37 - 06 Սեպ, 2024

Մեկ տարի առաջ, 2023թ. սեպտեմբերի հինգին,  94 տարեկան հասակում  երկրային կյանքին  հրաժեշտ տվեց  ՀՀ 20  -ՐԴ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ  ԱԼԲԵՐՏ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԱԶԱՐՅԱՆԸ:

Օլիմպիական խաղերի  հայազգի միակ եռակի չեմպիոն,աշխարհի և  ԽՍՀՄ  առաջնությունների բազմակի ոսկե դափնեկիր, սպորտային  մարմնամարզության   գերաստղերից մեկն էր նա:

Նախորդ դարի կեսից սկսած, աշխարհի տարբեր ծեգերում անցկացվող սպորտային  մարմնամարզության մրցումներում հնչում է Ալբերտ Ազարյան  անուն- ազգանունը:Նա մեզանում մեծ ճանաչում ու պատիվ էր վայելում: Ներքուստ ուրախանում էր  իր նկատմամբ  հայրենակիցների ցուցաբերած հարգանքի համար և սիրով էր բարևում, լուսանկարվում, զրուցում ցանկացողների հետ: Իսկ նրանք այնքան շատ էին:

. . . Անցել են տասնամյակներ: Հայկական գրանցում ունեցող ազարյանական խաչը կատարվում է բոլոր մրցումներում: Բայց ինչ որ խորհուրդ կա Ազարյանի ստեղծագործության մեջ: Հենց առաջինը քրիստոնեությունն ընդունած  Հայաստան երկրի մարզիկը պետք է կատարեր խաչը, կատարեր այնպես, որ այն կրկնել  ուզենան նաև այլ կրոններ դավանող երկրների ներկայացուցիչները:

Պետք է խոստովանել, որ ազարյանական կատարումն առայժմ անկրկնելի է: Սա միայն մեր տեսակետը չէ: Այդ մասին հաճախ են ասում միջազգային  պաշտոնական մրցաշարերը լուսաբանող մեկնաբանները:

Մարդիկ լեգենդներ են հորինել վարպետի մասին: Թերևս լեգենդ չէր Ալբերտին Ապոլոնի հետ համեմատելու իրողությունը:

Հռոմի աշխարհի առաջնության օրերին, տեղացիները Ապոլոնի արձանը տեսնել ցանկացող  զբոսաշրջիկներին ասել են, թե հետևեք մարզապալատում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանը և մոտիկից կտեսնեք ու կճանաչեք իրական  Ապոլոնին: Նա հայ է` Ալբերտ Ազարյան անունով  : Իսկապես, երևանցին սիրվեց , մեծ ճանաչում ստացավ  ու  Ապոլոն մականունով կնքվեց հենց Հռոմում:

2022թ. դեկտեմբերի մեկին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մարզադպրոցի բակում տեղադրվեց  փառահեղ վարպետի  կիսանդրին: Ներկա էր նաև ինքը ՝ օղակների   արքան:

Ալբերտ Ազարյանի շիրիմն անթեղվել է  Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

 

 

 

 

Այլ նորություններ