Եվրոպայի ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում արտագնա խաղ անցկացրեց Հայաստանի «Ուրարտուն»: Մեր թիմը ուրախացրեց Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տոնած հաղթանակով: Հայ տղաները 2 : 1 հաշվով առավելության հասան տեղի «Կալևի» նկատմամբ:
Հյուրերից երկու գոլի հեղինակ դարձավ հարձակվող Էդգար Մովսեսյանը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ հուլիսի 18-ին։
Նույն ծրագրով Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանում հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» ակումբի ներկայացուցիչներին և հաղթեց 2:0 հաշվով։
Դիպուկությամբ աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն և սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում պայքարի կելնի որակավորման երկրորդ փուլից: Հայաստանի գավաթակիրը կմրցի Մոլդովայի «Զիմբրուի» հետ: