ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ՈՍԿԵ ՀԱՍԱԿՈՒՄ Է

12:27 - 10 Հուլ, 2024

Ծաղկաձորյան հավաքից հետո Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներին հանգիստ է տրվել: Դադարը հարաբերական է, որովհետև վաղվանից թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը իր գործընկեր, վաստակավոր մարզիչ, գյումրեցի  Կարեն Ղազարյանի հետ անհատական աշխատանք կանցկացնի  Փարիզի օլիմպիական խաղերի հայաստանցի միակ մասնակից Դավիթ Չալոյանի հետ:

Ծրագրված է առավելագույնի հասցնել  Դավթի տեխնիկատակտիկական պատրաստականությունը: Մարզիկը պետք է մենամարտի ընթացքում զգոն, ուշադիր և համարձակ  լինի ու  կարողանա ճիշտ պահին ակնթարթորեն կատարել ճիշտ գործողությունը:  Այդ ամենին հասնելը մեր գերծանրքաշայինի  ուժերից վեր գործ չէ, մանավանդ որ,  նա իր քաշի համեմատ արագ և հուսալի տեղաշարժեր է կատարում  ռինգում:

Պարապմունքներում ներգրավված կլինեն նաև Դավթի մի խումբ մարզընկերներ, որոնք տարբեր քաշային կարգի ներկայացուցիչներ են: Նպատակը պարզ է. նրանք պետք է օգնեն իրենց ընկերոջը: Օրինակ, Դավիթը մարզումային  շարունակական ռաունդների ընթացքում պիտի արագաշարժությունը զարգացնելու համար մրցի թեթև քաշայինի, տեխնիկան ու տակտիկան հղկելու համար՝ միջին քաշայինների, իսկ, ասենք, մրցակցի հարվածի ուժգնությունը զգալու, դիմակայելու նպատակով  անհրաժեշտ է փորձամրցումը շարունակել բարձր քաշային  վարպետների  հետ: Այդ ամենով հանդերձ, մասնագետները պետք է կարողանան Դավիթ Չալոյանին լավագույն մարզավիճակով հուլիսի 29 –ին  ուղեկցել օլիմպիական ռինգ:

Ասենք, որ կաշվե ձեռնոցի մեր վարպետը օլիմպիական ուղեգիրը նվաճեց վարկանիշային վերջին մրցաշարում, որը անցկացվեց  Թաիլանդի Բանգկոկ քաղաքում / հունիսին/:

Ուզում ենք հավատալ, որ  գերծանր քաշայինի համար ոսկե հասակում  գտնվող  27 –ամյա Դավիթ Չալոյանը  Փարիզի օլիմպիական խաղերում  մեդալակիր կդառնա և հայրենիք կվերադառնա բարձր տրամադրությամբ:

 

 

Այլ նորություններ