Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվեց Եվրոպայի թիավարության առաջնությունը: Հայաստանը գործուղել էր վեց մարզիկ: Նրանց ելութների մասին զրուցեցինք փորձառու մարզիչ Ավետիք Մալխասյանի հետ: Նա ասաց, որ մեր պատվիրակության ղեկավարն էր մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ Տիգրան Սարգսյանը: Նրա ներկայությունը որոշակի դեր ունեցավ հետագա աշխատանքների համար: Նախագահը հանդիպումներ ունեցավ, ծանոթացավ եվրոպական երկրների գործընկերների հետ, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ համագործակցության համար:
Մեր թիավարները մարտական տրամադրությամբ են մտել ջրուղի և մասնակցել են գրեթե բոլոր մրցատարածությունների պայքարին:
Էդգար Թության – Արթուր Ակիշին – Նարեկ Ավագյան – Սարգիս Սուքիասյան բայդարկավարների քառյակը մասնակցեց 1000մ. չորս տեղանոց, 200մ. 500մ. ու 1000մ. երկտեղանոց նավակներով մրցումներին: Մեր տղաները հաջողությամբ հաղթահարեցին նախնական փուլերի արգելքները և մտան կիսաեզրափակիչ: Վճռական՝ ուժեղագույն իննյակ մտնելու համար երևանցի թիավարները ուժերի անմնացորդ նվիրումով մրցեցին: Բայց նրանց համառությունը չբավարարեց տեղ գտնել մրցանակների համար պայքարողների շարքում: Իսկապես, պետք է ափսոսել, որ մերոնք ընդամենը վայրկյաններով զիջեցին մրցակիցներին: Ասածը վերաբերում է նաև սևանցի կանոիստներ Նորիկ Մարգարյան – Գևորգ Փիլոսյան երկյակին: Նրանք 200 մետրի կիսաեզրափակիչում բառացիորեն ակնթարթներով ետ մնացին մրցաձևում հաղթած, չեզոք դրոշի ներքո հանդես եկած ՌԴ և Բելառուսի պատվիրակներից:
Սևանցի պարականոիստ Արթուր Պետրոսյանը 200մ. տարածությունում ճանաչվեց 11 –րդը:
Զրուցակիցը նաև նշեց, որ Հայաստանի թիավարների հաջողությունը ավելին կլիներ, եթե զգացնել չտար մրցափորձի պակասը, մինչդեռ ամենուրեք, ինչպես թենիսում է, այդ մարզաձևում նույնպես, իրար են հաջորդում մրցաշարերը: Բնական է, որ տարբեր երկրների դպրոցների հետ պայքարում են թիավարները զարգացնում արագությունը: Այս առումով օգտակար է Երևանի Էրեբունի համայնքի Լիոնի այգու լճում վաղը սկսվելիք թիավարության օլիմպիական ՄՊՄԴ –ի հանրապետական մարզադպրոցի բաց առաջնությունը, որին կմասնակցեն նաև Վրաստանի պատվիրակները: Այդ ստուգատեսից հետո մեր առաջատարները կսկսեն նախապատրաստվել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում օգոստոսին անցկացվելիք աշխարհի առաջնությանը: