ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ

11:37 - 03 Հուն, 2024

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներից առաջինը աշխարհի չեմպիոնի պատվին է արժանացել / 1982թ. / երևանցի Բենուր Փաշայանը: Նա նվաճումը կրկնել է նաև հաջորդ մրցաշրջանում:

Բենուրը Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի / 1984թ. / հաղթողի իրական հավակնորդ էր համարվում: Եվ նա կկանգներ չեմպիոնական աստիճանին, եթե ԽՍՀՄ –ը և ընդհանրապես սոցիալիստական երկրները չբոյկոտեին համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսը:Փոխարենը Մոսկվայում կայացած բարի կամեցողության խաղերում  ( Дружба - 84 )  Բենուրը գետնեց աշխարհի ուժեղագույններին, հռչակվեց չեմպիոն և ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ:

Մրցագորգի հայ վարպետն ընդհանրապես տարիքային բոլոր խմբերի մրցաշարերում  միշտ հաղթող է ճանաչվել: Ժամանակի ամենահեղինակավոր մասնագետները նշել են, որ հենց գոտեմարտի ընթացքում, նա նոր հնարքներ ու տարրեր է ստեղծագործել:

Այդ ամենը գնահատելով,  Երևանի քաղաքապետարանի սպորտ բաժինը, մարզաձևի հանրապետական ֆեդերացիան համատեղ կազմակերպեցին և հաջողությամբ անցկացրին կյանքին անժամանակ հրաժեշտ տված փառահեղ ըմբիշի հիշատակը հավերժացնող միջազգային հինգերորդ՝ հոբելյանական  մրցաշարը:

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճի  մրցագորգերի վրա, տանտերերից բացի, իրենց հմտությունները ցուցադրեցին նաև Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի 140 պատվիրակներ: 

Հուշամրցաշարի հաղթողներ դարձան` Պանահի Հումահամադը (55 կգ, Իրան), Պույա Նասերպուրը (60 կգ, Իրան), Կարեն Ասլանյանը (63 կգ, Հայաստան), Սլավիկ Գալստյանը (67 կգ, Հայաստան), Հայկ Մելիքյանը (72 կգ, Հայաստան), Մալխաս Ամոյանը (77 կգ, Հայաստան), Դատա Չախալաձեն (82 կգ, Վրաստան), Վիգեն Նազարյանը (87 կգ, Հայաստան), Ուլաձիսլավ Պուտաշիլյան (97 կգ, Բելառուս) և Ռանջբար Մոհամադսոռուշը (130 կգ, Իրան):

 

 

Այլ նորություններ