Վերադարձան հանրապետական ռեկորդներով

12:34 - 19 Դեկ, 2018

Դեկտեմբերի 11 – 16 –ը  Չինաստանի Չանժոու քաղաքում անցկացվեց  լողի աշխարհի հերթական` 14 –րդ  առաջնությունը: Մասնակիցները  հանդես եկան  << կարճ ջրում >> `  25 մետրանոց լողավազանում:

Մեր երկրի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկան 50մ. ազատ և բատերֆլայ,  Վլադիմիր Մամիկոնյանը  100մ. ազատ, իսկ Անի  Պողոսյանը `100 և 200 մ. ազատ լողաոճերում: Միանգամից ասենք, որ մեր  քառյակը արդարացրեց սպասելիքները` սահմանելով ՀՀ հինգ նոր ռեկորդ:

Վարսենիկ Մանուչարյանը  բատերֆլայ լողաոճում 50 մ. անցավ 0, 29. 09 ժամանակում և 70 մրցակիցների պայքարում զբաղեցրեց աղյուսակի 44-րդ հորիզոնականը: Նույն մրցատարածության ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 128 մարզիկների մեջ  51-րդն էր` 0, 22. 44 արդյունքով: 4  × 50 մ. ազատ ոճի խառը փոխանցալողում / երկուական տղամարդ և կին / 1. 40, 73 արդյունքով  և 22-րդը ճանաչվեցին 43 հայտավորվածների պայքարում: Նույն ծրագրով, բայց համալիր փոխանցալողում, մեր քառյակը 1. 53, 46 ժամանակով, 47 մրցակիցների մեջ 32-րդն էր:

Վերջին ` հինգերորդ ռեկորդը սահմանեց Անի Պողոսյանը: Նա ազատ լողաճում  200 մետրը հաղթահարեց 2. 06, 75 ժամանակում և 56 լողորդների  մրցավեճում ճանաչվեց 41-րդը:

Վլադիմիր Մամիկոնյանը գրավեց 76-րդ տեղը / 100մ. ազատ ոճ , 114 մասնակից, 51, 59 /, իսկ Անի Պողոսյանը նույն տարածությունում և մրցաձևում 53-րդն էր / 98 մասնակից, 0. 58, 14 /:

Անձնական ռեկորդ սահմանեց Վարսենիկ Մանուչարյանը,  50մ ազատ լողաոճում ` 0.26, 80 / 98 – ից 45 –րդը /:

Թիմը  մրցավայր ուղեկցած  մարզիչ Արմինե Ավետիսյանը զրույցի ժամանակ ասաց, որ  աշխարհի առաջնությանը  լավ դաս հանդիսացավ մեր լողորդների համար:Նրանք  տեսան, ծանոթացան հեղինակավոր մարզիկների հետ և դեռ ավելին` նրանց հետ մրցեցին նույն լողուղյակներում, ձգտեցին  շատ ետ չմնալ ուժեղագույններից և այդ հանգամանքը նույնպես նպաստեց հանրապետական ռեկորդների գրանցման գործին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ