Այսօր մայիսի 23-ին, նշվում է ըմբշամարտի համաշխարհային օրը: Տոնը նշանավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը, որն անցկացվել է Վիեննայում ՝ 1904թ.: Մասնակցել է 26 մարզիկ:
Ըմբշամարտը մարտարվեստի հնագույն տեսակներից է, որն առաջացել է հին ժամանակներում և հիշատակվում է գրական աղբյուրներում:
Հին Հունաստանում ըմբշամարտը ընդգրկված է եղել օլիմպիական խաղերում։ Միջնադարում մարզաձևով հրապուրվել են տարբեր զբաղմունքի մարդիկ:
Ժամանակակից ըմբշամարտի սկիզբը դրվել է Ֆրանսիայում՝ 1830-ական թվականներին և կոչվել է հունահռոմեական ոճ:
1896թ. հունահռոմեականը ներառվել է ժամանակակից օլիմպիական առաջին խաղերի ծրագրում։ Չորսական տարվա տարբերությամբ կայացել են Եվրոպայի, ապա ՝ աշխարհի անդրանիկ առաջնությունները։
1912թ. ստեղծվել է մրցումներ կազմակերպելու միջազգային կոմիտե։ 1921թ. այն վերածվել է սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ (FILA): Կազմակերպությունը համախմբում է ազատ և հունահռոմեական ոճերի ներկայացուցիչներ՝ հինգ մայրցամաքների 146 երկրներից:
Ֆեդերացիան ամեն տարի անցկացնում է շուրջ 100 մրցաշար՝ աշխարհի, մայրցամաքային առաջնություններ / տարբեր տարիքային խմբերի համար /, միջազգային մրցաշարեր, ընկերական հանդիպումներ և այլն։
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններն անցկացվում են 1928 թվականից, իսկ աշխարհինը՝ 1951 - ից։
Այն բանից հետո, երբ ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու շեմին էր, 2013թ. միջազգային ֆեդերացիան կտրուկ միջոցներ ձեռնարկեց. փոխվեց ղեկավարությունը, մրցակարգը, կազմակերպության անվանումը (FILA-ն վերանվանվել է United World Wrestling):
ՄՕԿ-ը բարձր գնահատեց փոփոխությունները և մարզաձևը շարունակում է մնալ օլիմպիական խաղերի հիմնական ընտանիքում:
Նշենք, որ Հայաստանը չեմպիոնների դարբնոց է, որի սկիզբը դրվել է Մ. Թ. Ա. 281թ. կայացած 265 –րդ օլիմպիական խաղերում, որտեղ հաղթողի պատվին է արժանացել հայոց Տրդատ երրորդ Արշակունին / նա 287թ. հռչակվել է թագավոր /:
Մեր երկրում ըմբշամարտը ամենապահանջված մարզաձևերից մեկն է։ Հայ մարզիկները հաղթանակներ են տանում Եվրոպայի , աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում և միջազգային խոշոր այլ մրցաշարերում:
Շնորհավորում ենք մարզաձևի համապետական ֆեդերացիային, մարզիչներին, մարզիկներին, նվիրյալներին և հաղթանակներ ակնկալում առաջիկայում Փարիզի օլիմպիական խաղեր մեկնող մրցագորգի մեր հմուտ վարպետներից: