ՍՊԱՍՎՈՒՄ Է ԴԺՎԱՐԻՆ ՊԱՅՔԱՐ

11:28 - 16 Ապր, 2024

Վաղը՝ ապրիլի 17-ին, Դոհայում (Քաթար) մեկնարկում է սպորտային  մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ ՝ վճռորոշ փուլը։ Մրցաշարի ընդհանուր արդյունքներով   կորոշվեն օլիմպիական արտոնագրեր ստացող  մարզիկները: Նրանցից մեկն է մեր Վահագն Դավթյանը, ով իր ուժերը կչափի  օղակների վրա:  Փարիզի  խաղերի ուղեգիր նվաճելու համար նրան մնացել է վերջին քայլը։ Խնդիրը բարդ է. պետք է գրավի առաջին տեղը, որպեսզի  արտոնագիրն իրենը լինի:

Առաջիկա ստուգատեսին հայտավորված են  աշխարհի  մեծ թվով հեղինակություններ: Նրանց շարքում են Հայաստանի պատվիրակներ Արթուր Դավթյանը, ով արդեն իրավունք ունի մասնակցելու օլիմպիական խաղերին,  Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Խաղարկությունը կավարտվի ապրիլի 21 –ին:

Փարիզում հանդես կգան 96-ական մարզիկներ և մարզուհիներ, իսկ  թիմային պայքարին կմասնակցեն 12 հավաքականներ:

Աշխարհի գավաթի խաղարկությանը կհաջորդի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի կունենա Իտալիայի  Ռիմինի քաղաքում` ապրիլի 24-28-ը:

 

 

Այլ նորություններ