Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մեր պատվիրակների մասնակցությամբ բոլոր օրերին ավելանում է ՀՀ թիմի մեդալակիրների քանակը: Փաստն ինքնին վկայում է, որ բազմափորձ մասնագետ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած մարզչական խումբը, իր սկզբունքներին հավատարիմ, հիանալի աշխատանքներ է կատարել նախապատրաստական փուլերում:
Երեկ երեկոյան, 102 կգ քաշայինների պայքարի վերջնափուլում, ինչպես միշտ, տոն տվեցին նաև մեր երկու ծանրորդները. Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը: Նույն հաջորդականությամբ նրանք տեղ գտան պատվանդանի երկրորդ և երրորդ աստիճանին:
Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը / 180 կգ +216 կգ /, իսկ Գարիկ Կարապետյանը 394 կգ – ով բավարարվեց << բրոնզով >> / 182 կգ + 212 կգ /:
Մեդալի իրական հավակնորդ էր նաև Պետրոս Պետրոսյանը / 109 կգ /: Ավաղ, առաջին մոտեցման ընթացքում, նա արմնկահոդի վնասվածք ստացավ և դուրս մնաց պայքարից:
Կանանց 87 կգ քաշայինների մրցավեճում առաջատարների խմբում էին Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը:
Երկամարտում նրանք ցույց տվեցին միևնույն` 227 կգ արդյունք: Կանոնակարգի համաձայն Հռիփսիմեն ճանաչվեց բրոնզե մեդալակիր , իսկ Տաթևը ՝ չորրորդ մրցանակակիր: Առանձին վարժություններում Հռիփսիմեն պոկեց 105 կգ, հրեց 122 կգ, իսկ թիմակցուհին համապատասխանաբար ՝ 103 կգ և 124 կգ:
Սոֆիայի ստուգատեսում հուզիչ էր Հռիփսիմեի մրցելույթը: Հրում վարժությունից հետո, երկու երեխաների մայր, 36 –ամյա Հռիփսիմեն հենց ծանրահարթակի վրա հանեց մարզակոշիկները, համբուրեց ծանրաձողը, խոնարհումով շնորհակալություն հայտնեց մարզասերներին ու նրանց ծափողջյունների ուղեկցությամբ հեռացավ բեմից:
Այդ պահին հիշեցինք մեծն Շառլ Ազնավուրին, ով մի հարցազրույցում ասել է, թե հայը շատ զգացմունքային է և նա արտասվում է թե ուրախության, թե տխրության ժամանակ:
Հռիփսիմեին հասկանալը դժվար չէր: Իսկապես հեշտ է ասել քառորդ դար լինել մրցահարթակում ու մի օր էլ, սպորտի օրենքով դադարել մարզիկ լինելուց:
Կարծում ենք անդավաճան Հռիփսիմե Խուրշուդյանը իր գործունեությունը կշարունակի հարազատ մարզաձևում և կնպաստի հետագա հաջողություններին:
Հայ մարզասերն այսօր նույնպես ուրախանալու առիթ կունենա: Առաջնության վերջին << ճակատամարտում >> իրենց ունակությունները կդրսևորեն մեր ճանաչված գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը: