Համակրելի երիտասարդ է 20 - ամյա Գոռ Սահակյանը: Համեստ պահվածքով վեդեցի մարզիկը ծանրահարթակի վրա մի տեսակ քողարկված արժանապատվություն է դրսևորում: Այս մասին հպարտությամբ են նշում մասնագետները: Իսկ Գոռը իր մրցելույթներով է հաստատում ասածը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նա չափազանց դժվարին քննություն հանձնեց: Հեշտ չէ ասել, որ 67 կգ քաշային կարգում, մեդալների համար պայքարում, նրան յուրատեսակ աքցանի մեջ էր առել թուրք - ազերական եռյակը:
Առաջին՝ պոկում վարժությունում, մեր մարզիկը բավարարվեց 140 կգ արդյունքով, որը << բրոնզի >> արժեք ունեցավ: Այս հանգամանքը կարծես թևավորեց մրցակիցներին, որոնք հպարտությամբ էին շրջում նախավարժանքի սրահում: Փոխարենը Գոռն իր հանդարտ պահվածքով կարծես մոռացել էր պայքարի մասին:
Երկրորդ ՝ հրում վարժությունը աստիճանաբար մոտենում էր ավարտին: Ահա ասպարեզում մնացին հիշյալ եռյակը և, ինչպես հետագա ընթացքը ցույց տվեց, խիզախ հայորդին:
Մրցակիցները մոտենում էին պատվիրած քաշին, ձախողվում ու աստիճանաբար մարում էր նրանց վստահ պահվածքն ու դեմքի ժպիտը: Թուրքերից վերջին մոտեցումն ավարտեց նաև Քաան Քահրիմանը, որի երկամարտի արդյունքն է 310 կգ: Նրա թիմակից Ֆերդի Արդալը բավարարվել էր 304 կգ –ով, իսկ ազերին հաջորդում էր նրանց:
Եվ ահա Գոռի առաջին մոտեցումը՝ 171 կգ: Ծանրաձողի հետ կամային, դժվարին պայքարում հաղթեց անկոտրում Գոռը և երկամարտի 311 կգ –ով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նրան արդեն համակրող դահլիճը փոթորկաց ծափերից, որը կրկնվեց նաև պարգևատրության ժամանակ, երբ ամենավերին աստիճանին Գոռ Սահակյանն էր, իսկ ներքևում՝ մրցակիցները:
Դա մեր ծանրորդի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունում: Հիշենք, որ նախորդ մրցաշրջանում նա իր նորամուտը ազգային գլխավոր թիմում հաղթանակով պսակեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիրում անցկացված համանուն ստուգատեսում:
Այդպես շարունակիր, շնորհալի ու մեծ հայրենասեր երիտասարդ:
Վաղը, ժամը 22. 00 –ին մեր ծանրորդներից ասպարեզ կելնի Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ /: