Չինաստանի կենտրոնական բանկը ներկայացրել է 2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հուշադրամների դիզայնը:
Դրամագետների համար պատրաստվել է ժետոնների տասը հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը վճարման պաշտոնական միջոց է և կարող ընդունել ՉԺՀ-ի ցանկացած ֆինանսական հաստատություն: Դրանցից չորսը ոսկուց են, իսկ մյուս վեցը՝ արծաթից։ Բացի այդ, կենտրոնական բանկը նվեր է պատրաստել երկրի բնակիչների համար: Դրանք պղնձի համաձուլվածքից պատրաստված երկու մետաղադրամներ են, որոնք շրջանառության մեջ կմտնեն առաջիկա օրերին։
Թանկարժեք հուշադրամների դիմերեսին պատկերված է 24 –րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական խորհրդանիշը, որը զարդարված է Չինական Մեծ պատի պատկերներով և ձյան փաթիլներով:
Դարձերեսին խաղերի ծրագրում ներառված մարզաձևերի գծապատկերներն են և թալիսմանները։
Ինչ վերաբերում է պղնձե մետաղադրամներին, ապա անվանական արժեքից բացի, այնտեղ առաջիկա ձմեռային մարզահանդեսի տարբերանշանն է: