ՀԱՎԱՏԱՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

11:37 - 30 Հուն, 2024

Կահիրեում անցկացվեց  հրաձգության  աշխարհի գավաթի փուլային մրցաշարը: Հայաստանի հավաքականի անդամներ էլմիրա Կարապետյան – Բենիկ Խլղաթյան խառը երկյակը  օդամղիչ ատրճանակավարների  պայքարում,  10 մ. հեռավորությունից, գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով:

Անհատական  մրցումներում մերոնք սպասելիքները չարդարացրին: Ինչու՞: Հարցով դիմեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին:

- Նախ  ասեմ, որ հիվանդության պատճառով  չէի մեկնել մրցավայր: Բայց  անհատականում  մրցանակակիրների շարքում տեղ չունենալու համար  պատասխանատու են  իրենք՝ հրաձիգները: Մոտ անցյալում  մեր թիմը  լիովին ապահովված  չէր ժամանակակից զենքով, հանդերձանքով, և , նույնիսկ մարզումների համար անհրաժեշտ փամփուշտների քանակով: Հիշենք նաև, որ բավարար քանակի մրցաշարերի,  հասկանալի պատճառներով,  չէինք կարող մասնակցել,  այսինքն մրցափորձը չեր հարստանում: Վերջին ժամանակներում այդ ամենն արդեն անցյալ է դարձել և մեր նշանառուները ապահովված  են ամեն ինչով: Եթե մեր մարզիկ – մարզուհիները ամիսներ հետո Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեն, ապա մեղքն իրենցը կլինի:

- Մի քանի խոսք  առաջիկա ծրագրերի մասին:

- Փետրվարի 10 –ին չորսական մարզիկ – մարզուհի կուղեկցենք   Լեհաստանի Վրոցլավ  և կմասնակցենք  համատեղ ուսումնամարզական հավաքի: Ավարտից անմիջապես հետո կուղևորվենք Հունգարիայի Գիոր քաղաք և հանդես կգանք  Եվրոպայի առաջնությունում  / միայն օդամղիչ զենքերով /:  Դա կարևորվում է նաև նրանով, որ մասնակիցները  կվիճարկեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այդ ստուգատեսին   կհաջորդեն  դարձյալ հավաքներ և վարկանիշային   միջազգային մրցաշարեր: Մեր հրաձիգներին Փարիզ տանող  ուղին հարթելու հնարավորություններ կան: Կարծում ենք, որ թիմի անդամները պատվասիրություն կդրսևորեն և կարդարացնեն սպասելիքները:

 

 

 

 

Այլ նորություններ