ՅՈԹ ՄԱՍՆԱԿԻՑ

11:27 - 19 Հուն, 2024

Հաշված օրեր են մնացել Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք  ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը: Փետրվարի երկուսին  համապատասխան  մրցավայրերում  պայքարը կսկսեն լողի, ջրացատկի, ջրագնդակի, արտիստիկ լողի, բաց ջրերի և ստորջրյա լողի  ներկայացուցիչները:

Մասնակցության հայտ են ներկայացրել 190 երկրի 2600 մարզիկ – մարզուհիներ: Նրանք կխաղարկեն   վեց մարզաձևի  75 մրցաձևերում  սահմանված պարգևները: Արժե նշել,  որ մեդալները պատրաստված են Քաթարի նավատորմի արտադրության հիմքում ընկած  փայտով, որը արտացոլում է հատկապես այդ երկրի բնակչության  խորը, ամուր կապը ջրի հետ:

Մասնակիցների թվում  կլինեն նաև Հայաստանի յոթ պատվիրակներ: Հրապարակվել են լողորդներ, երևանցիներ  Արթուր Բարսեղյանի, Անի Պողոսյանի, Վարսենիկ Մանուչարյանի և գյումրեցի Աշոտ Չախոյանի անունները:

Ջրացատկորդների պայքարում կընդգրկվեն երևանցիներ Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը:

Նրանք հանդես կգան աշտարակացատկում: Հավաքականի գլխավոր մարզիչ, Հրաչյա  Չանդիրյանը ասաց, որ առաջատարների վնասվածքները  դեռևս լիովին չեն ապաքինվել, ուստի  նա մրցավայր կուղեկցի երիտասարդների  նշած եռյակին:

Ավելորդ չէ նշել , որ տղաներն ընդամենը 18, իսկ աղջիկը՝  16 տարեկան  են: Նրանց մրցափորձը հարուստ չէ  և նման պատասխանատու  ստուգատեսում առաջին անգամ են հանդես գալու : Ասածին հավելենք, որ տեխնիկական պատճառներով  ուշ  են սկսել նախապատրաստությունը:

Եռյակը դեռևս  ցածր  բարձրության հարթակներից է կատարում  առաջադրված ցատկերը, նպատակով, որպեսզի վնասվածքներ չստանան, աստիճանաբար հմտանան  բարդ,  և հատկապես՝   սինխրոն ցատկերում: Ամեն դեպքում  10 մետրից կատարվող աշտարակացատկերում  մեր ջրացատկորդները դիտարժան կատարումներով հանդես կգան և չեն խաթարի մարզաձևի հայկական դպրոցի հարուստ ավանդույթները: Ի դեպ, տղաների երկյակը անհատականից բացի հանդես կգա նաև սինխրոն աշտարակացատկում, թեև այդ մրցաձևի  համար մեզանում անհրաժեշտ պայմաններ չկան:

Փարիզի օլիմպիական  խաղերի մասնակցության  ուղեգրի կարժանանան լավագույն ութ  զույգերը, իսկ անհատականում՝  1 – 18 –րդ տեղ  զբաղեցնողները:

 

Այլ նորություններ