ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՓՈՔՐ ՌԱԿԵՏԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ

13:17 - 18 Դեկ, 2023

Հերթական ծանր կորուստը կրեց հայոց մարզաշխարհը: Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր անվանի չեմպիոններից մեկը ՝ Բագրատ Հենրիկի Բուռնազյանը:

Մարզասերները նրան կոչում էին կանաչ խաղասեղանների ասպետ: Իսկ Բագրատը մեծություն դառնալու առաջին նշանները ցույց տվեց դեռևս 1970 թվականին, երբ ընդամենը ամիսներ առաջ էր ձեռքը վերցրել ռակետը ու 15 –ամյա տղան  ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 29 –ին, մայրաքաղաքի պատանեկան առաջնությունում, մինչև 17 տարեկանների պայքարի ՝ զուգախաղերում  և խառը զուգախաղերում նվաճեց հաղթողի կոչումը:

Այդպես, հաղթանակով պսակվեց նրա մկրտությունը սեղանի թենիսում: Սրընթաց էր   նորամուտը ԽՍՀՄ պատանեկան առաջնությունում, երբ առաջին հաղթանակից ընդամենը  երկու ամիս անց, 1971 թ. փետրվարին,  Բագրատը նվաճեց համամիութենական ստուգատեսի ոսկե մեդալը:

Նրա հաղթարշավը  շարունակվեց ավելի քան մեկ տասնամյակ: Երևանցին  բազմիցս տարբեր ձուլվածքի մեդալների արժանացավ  Խորհրդային Միության, Եվրոպայի  ու աշխարհի առաջնություններում:

Բագրատ Բուռնազյանը   հայրենական սպորտի կուռքերից մեկն էր: Նա առաջինն էր, ով ծնկի բերեց   անպարտելիի համարում ունեցող Ստանիսլավ Գոմոզկովին: Դա լվովյան ԽՍՀՄ  ստուգատեսն էր: 19 –ամյա մարզիկը  առաջին երկու խաղափուլերում, ինչպես հիշում էր երևանցու անձնական մարզիչ Վիգեն Ոսկանյանը,  զիջում էր   Ռուսաստանի անվանի ներկայացուցիչին:  Գրանցված  0 : 2 հաշիվը սթափեցրեց, կարծես խոցեց հայորդու ազգային արժանապատվությունը և նրա ռակետը մի տեսակ թրատելով  ասպարեզի շրջակայքը,  սկսեց հաղթական միավորներ շահել, վերականդանացնել  նույնիսկ << մեռնող >>  գնդակները:  Արդյունքում,  երեք խաղափուլ անընդմեջ, Ստասիկը զինաթափ եղավ Բագրատի առջև:

Այդ մենամարտը, նույնիսկ  գիտակները, համարում էին մարզաձևում անկրկնելի  ճակատամարտ, քանզի մրցակիցները մինչ այդ չտեսնված  պայքարի  հեղինակը եղան, իրար դեմ յուրատեսակ խաչակրաց արշավանք ձեռնարկեցին, որն ավարտվեց երևանցու հաղթանակով ՝ 3 : 2:

Անվանի վարպետի մարզական հետագա տարիների մասին դժվար է առանձին – առանձին ներկայացնել, քանզի դրանք շատ – շատ են: Ճիշտ կլինի, եթե հիշենք  ժամանակին մեծ մասսայականություն վայելած  <<  Հայաստանի ֆիզկուլտուրնիկ >> թերթի  մեծանուն   լրագրող Էդիկ Հովհաննիսյանի խոսքը . << . . . Բագրատը արդեն հոգնեցրել է իր հաղթանակներով:  Դժվար է նրա հերթական հաջողությունը ներկայացնելու նոր տարբերակ գտնել . . . >>:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո  մնաց հարազատ միջավայրում.  տարբեր պաշտոններ զբաղեցրեց երկրի  սպորտի պետական և հասարակական  կառույցներում: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցավակցում է Բագրատ Բուռնազյանի ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, մարզաշխարհի մարդկանց և վշտակցում է  ցավալի կորուստի համար:

Այլ նորություններ