Կարեն Գիլոյանը վերլուծում է հայ ծանրորդների հնարավորություններն ԱԱ-ում

15:24 - 20 Նոյ, 2015

Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հարթակ դուրս կգա 98 երկրի 609 ծանրորդ (266 կին և 343 տղամարդ)։ Աշխարհի առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային է։ Ճիշտ է, մենք Աշխարհի նախորդ առաջնությունում նվաճել ենք 7 ուղեգիր  (5 տղամարդ և 2 կին), սակայն դա դեռ վերջնական չէ։ Ամեն ինչ ավարտական տեսք կստանա այս առաջնությունից հետո։ Հայաստանի հավաքականը Հյուսթոն է մեկնել իր ուժեղագույն կազմով։

75 կգ քաշային Սոնա Պողոսյանը կմասնակցի «C» խմբի պայքարին։ 53 կգ քաշային Աննա Գովելյանը, 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը և 69 կգ քաշային, Աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը հանդես կգա «B» խմբում։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե մենք նրանցից սպասելիքներ չունենք։ Ծանր վնասվածքին հաղթած ու մեծ սպորտ վերադարձած Նազիկ Ավդալյանը կարող է անգամ մեդալ նվաճել։ Եվ ես դրան անկեղծորեն հավատում եմ։ Բայց իրադարձություններից առաջ չընկնենք ու զինվենք համբերությամբ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները հանդես են գալու ուժեղագույնների խմբերում։ Այժմ փորձենք հասկանալ, թե ով ինչ հնարավորություններ ունի և ումից ինչ կարող ենք ակնկալել։

69 կգ քաշային կարգում հանդես եկող Վանիկ Ավետիսյանը նախնական պատվիրել է 331 կգ։ Անցած տարի Ղազախստանում կայացած Աշխարհի առաջնությունում Վանիկը պոկեց 141 կգ, հրեց 179 կգ և երկամարտի 320 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Այս տարի Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Վանիկ Ավետիսյանը չորրորդն էր։ Սակայն արդյունքը ցածր էր՝ երկամարտում 312 կգ։ Ընդ որում նա 2 վարժությունում էլ 4 կիլոգրամ քիչ բարձրացրեց, քան աշխարհի առաջնությունում։ Հիմա նախնական 11 կգ ավելի է պատվիրել, քան Ղազախստանում։ Բայց անգամ այդ արդյունքը թույլ չի տա մրցանակային տեղ գրավել։ Այս քաշային կարգում մեդալների համար պայքարն ընթանալու է ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Կիմ Մյոն Հյոկի (2014 թվականին Ալմաթիում և 2013 թվականին Վրոցլավում երրորդն էր, Ասիայի այս տարվա չեմպիոնն է), աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, 22-ամյա չինացի Շի Ժյոնի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Օլեգ Չենի միջև։ Սակայն Վանիկ Ավետիսյանը մարտական բնավորությամբ կարող է խառնել բոլոր խաղաքարտերը։

77 կգ քաշային կարգում Հայաստանն են ներկայացնելու աշխարհի նախկին չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Անդրանիկ Կարապետյանը։ Տիգրան Մարտիրոսյանը նախնական պատվիրել է ամենաբարձր քաշը՝ 370 կգ։ Այդքան է պատվիրել նաև չինացի, Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Լյու Քսիայունը։ Չինացին բաց է թողել աշխարհի նախորդ առաջնությունը։ 2013 թվականին՝ Վրոցլավում նա աշխարհի չեմպիոն է դարձել երկամարտի 380 կգ արդյունքով (176 +204)։ Լյու Քսիայունն արդեն 31 տարեկան է։ Աշխարհի նախորդ առաջնությունը՝ ուսի վնասվածքի պատճառով, բաց թողեց նաև Տիգրան Մարտիրոսյանը։ Այս տարի՝ Թբիլիսիում Տիգրանը երկամարտի 351 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Դրանից հետո, ուսումնամարզական հավաքների ժամանակ նա ցույց է տվել շատ բարձր արդյունքներ։ Եթե Տիգրան Մարտիրոսյանը կարողանա հրել 205 կգ, ապա հնարավոր է կրկնվի «Անթալիա 2010»-ը։

Մեդալի իրական հավակնորդ է նաև 20 ամյա Անդրանիկ Կարապետյանը։ Մեր երիտասարդ ծանրորդը Թբիլիսիում գրավեց երրորդ տեղը, հետո էլ հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Անդրանիկ Կարապետյանի նախնական պատվերը 365 կգ է։ Այս քաշում պայքարը չափազանց թեժ է լինելու։ Մեդալի հավակնորդ են նաև երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 21 ամյա չինացի Սու Յինը և նրա հասակակից, Եվրոպայի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Վիկտոր Գեցը։

105 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի պատանիների օլիմպիական խաղերի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը։ Աշխարհի պատանեկան բոլոր ռեկորդների հեղինակն անցած տարի Ալմաթիում առաջին անգամ ելավ մեծահասակների հարթակ ու երկամարտի 396 կգ (183 + 213) արդյունքով գրավեց 7-րդ տեղը։ Ընդ որում պակման արդյունքը պատանիների Աշխարհի ռեկորդ էր։ Այս տարի Թբիլիսիում Սիմոնը վատառողջ էր։ Չնայած դրան, երկամարտի 397 կգ (181 + 216) արդյունքով նա գրավեց 5-րդ տեղը։ Հյուսթոնում Սիմոն Մարտիրոսյանը նախնական պատվիրել է 415 կգ։ Այդքան է պատվիրել նաև Ռուսաստանը ներկայացնող, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Բեժանյանը։ 27 ամյա Դավիթն անցած տարի Ալմաթիում երրորդն էր։ Այս տարի նա բաց թողեց Եվրոպայի առանությունը։ Հյուսթոնի հայտացուցակներում բացակայում է օլիմպիական խաղերի կրկնակի և Աշխարհի քառակի չեմպիոն Իլյա Իլինի ազգանունը: Ղազախստանի հավաքականը, ըստ շրջանառվող լուրերի, դոպինգային խնդիրներ ունի և Հյուսթոն է մեկնել թույլ կազմով։ Իլինի բացակայությունը Սիմոն Մարտիրոսյանին՝ Դավիթ Բեժանյանի հետ միասին դարձնում է ֆավորիտ։ Սակայն մեդալների համար պայքարից պետք չէ հանել մյուս ղազախստանցուն՝ Ասիայի չեմպիոն, 23 ամյա Ալեքսանդր Զայչիկովին և մեկ այլ ռուսաստանցի, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Թիմուր Նանիևին։

Հավանաբար դոպինգային խնդիրներ ունի նաև Իրանի հավաքականը։ Այլապես գերծանր քաշային կարգում չէին բացակայի իրանցի դյուցազունները։ Նրանց բացակայությամբ մեդալների համար պայքարը կընթանա բրազիլացի Ֆերնանդո Սարավիա Ռեյսի, վրացի Լաշա Ցալակաձեի և իհարկե մեր Ռուբեն Ալեքսանյանի ու Գոռ Մինասյանի միջև։ Այս 4 հսկաները նախնական պատվիրել են 440 կգ։ Գոռ Մինասյանը 2010 թվականի պատանեկան Oլիմպիական խաղերի մրցնակակիր է։ Ռուբեն Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր է։ Մեր հիմնական մրցակիցները, մեղմ ասած, այնքան էլ ահեղ չեն։ Ֆերնանդո Ռեյսն անցած տարի Ալմաթիում 9-րդն էր՝ երկամարտի 420 կգ արդյունքով, Լաշա Ցալակաձեն էլ մեծահասակների հարթակում դեռ նվաճումներ չունի։ Ամենավտանգավոր մրցակիցը, թերևս ռուսաստանցի Ալեքսեյ Լովչևն է։ 26 ամյա ծանրորդը 2014 թվականի Եվրոպայի չեմպիոնն է և 2013 թվականի աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիրը։ Նրա նախնական պատվերը 437 կգ է։ Ճիշտ այդքան է պատվիրել նաև 31-ամյա եգիպտացի Մոհամեդ Մասուդը։ Մի բան պարզ է։ Եթե Ռուբեն Ալեքսանյանը կարողանա պոկել գոնե 195 կգ, ապա մենք ուրախանալու առիթ անպայման կունենանք։ Շատ մեծ են սպասելիքները նաև Գոռ Մինասյանից։

Աշխարհի առաջնությունը կավարտվի +75 կգ քաշային կանանց ելույթով։ Այս քաշային կարգում պայքարից դուրս է օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր, ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան։ Սակայն մի փոքի ցածր հարգի մեդալի համար անկասկած կպայքարի Հռիփսիմե Խուրշուդյանը։ Լոնդոնի օլիմպիական մրցանակակիրը, մայր դառնալու բերկրանքը վայելելուց հետո, վերադարձավ մեծ սպորտ և Թբիլիսիում մեկ բրոնզե մեդալ նվաճեց։ Խնդիրը Հռիփսիմեի անձնական քաշն է։ Նա ոչ մի կերպ չի կարողանում քաշ հավաքել ու հիմնական մրցակիցներից 20-30, երբեմն 50 կգ թեթև է։ Սակայն ուսումնամարզական հավաքներն անցել են նպատակային ու Խուրշուդյանը Հյուսթոն է մեկնել բարձր տրամադրությամբ։ Իսկ տրամադրությունն ամենակարևորն է։ Հյուսթոն 2015-ի մեկնարկը կտրվի նոյեմբերի 20-ին։ Այն կավարտվի նոյեմբերի 28-ին։ Համոզված եմ, որ առաջնության արդյունքները կամփոփենք շատ բարձր տրամադրությամբ։

Կարեն Գիլոյան, Առաջին Ալիքի մարզական մեկնաբան

Լուսանկարը` Հանրային հեռուստաընկերության

 

Այլ նորություններ